Մատչելիության հղումներ

logo-print

Գագիկ Ծառուկյան. «ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ: Այս մասին այսօր Աբովյանում, Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` այդ կերպ վերջ դնելով խոսակցություններին, թե իրեն այլընտրանք հռչակած քաղաքական ուժը կարող է ընդդիմություն դառնալ:

Հիշեցնենք, ԲՀԿ-ի` ընդդիմություն դառնալու անհրաժեշտության մասին խոսել էր նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը, ասելով, որ դասական իմաստով, եթե քաղաքական ուժը իշխանության մեջ չէ, ապա ընդդիմություն է:

«ԲՀԿ-ն ընդդիմություն չի կարող դառնալ: Եթե արդեն կա ընդդիմադիր երեք-չորս կուսակցություն, դա հինգ-վեց ընդդիմադիր կուսակցություն չի կարող լինել: ԲՀԿ-ն կողմնակից է այն ամենին, ինչը օգուտ է երկրին, ժողովրդին: Մենք այդ սկզբունքով ենք քայլել, արել եւ դա միշտ անելու ենք: Ոչ թե քաղաքականության մեջ մտել եմ անձնական շահի համար, քծնանքի, այլ հատուկ նպատակի` երկրի հզորացման, զարգացման, բարեկեցության համար»:

Աբովյանում այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եւ տասներկու եպիսկոպոսների մասնակցությամբ օծվեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցին: Օծման արարողությանը Ծառուկյանը հրավիրել էր պաշտոնական այցով Երեւանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ով արարողությանը մասնակցում էր որդու հետ: Նրանք, ի դեպ, այս օրերին հյուրընկալվում են ԲՀԿ ղեկավարի տանը:

Գագիկ Ծառուկյանը հրավիրել էր նաեւ Հայաստանի երեք նախագահներին: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանեցին գրեթե միաժամանակ:

Քոչարյանը, թողնելով նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ծառուկյանին եկեղեցու մուտքի մոտ, տիկնոջ հետ վերեւ բարձրացավ` եկեղեցին դիտելու: Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի հարցին էլ, թե` ի վերջո վերադառնալո՞ւ է ակտիվ քաղաքականություն, Քոչարյանը հարցով պատասխանեց` «իսկ ուզո՞ւմ եք»:

Ինչ վերաբերում է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ապա նա այդպես էլ եկեղեցի չեկավ: Նրա ղեկավարած ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից ներկա էին Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը: Վերջինս դժվարացավ ասել, թե ինչու Տեր-Պետրոսյանը չի եկել, նշելով, որ արարողությանը մասնակցում է նրա տիկինը:

Ավելի վաղ ժամանել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում հետ Գագիկ Ծառուկյանը ջերմորեն ողջագուրվում էր: Սա չվրիպեց լրագրողների աչքից, քանի որ ԲՀԿ-ականները ամենատարբեր առիթներով անխնա քննադատում են Տիգրան Սարգսյանին եւ նրա ղեկավարած կառավարությունը` պնդելով, որ նա ձախողել է տնտեսական քաղաքականությունը:

Երբ վարչապետը զրուցում էր Ծառուկյանի հետ, լրագրողները հարցրեցին, թե հնարավո՞ր է, որ մի օր էլ նա եկեղեցի կառուցի: Սա հարուցեց Գագիկ Ծառուկյանի ծիծաղը, իսկ Տիգրան Սարգսյանը պատասխանեց` «Աստծո կամոք»:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Ծառուկյանն ասաց, որ եկեղեցու բացմանը հրավիրել է բոլոր քաղաքական ուժերին, թե’ իշխանական, թե’ ընդդիմադիր, մասնավորապես` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նշեց ու հավելեց, թե եկեղեցու դռները բոլորի առջեւ բաց են: Լրագրողների հարցին, թե արդյոք այս քայլով ինքը փորձում է միավորել քաղաքական դաշտը, Ծառուկյանը դրական պատասխան տվեց:

Եկեղեցու օծման արարողությունը մեկնարկեց Ծառուկյանի խոսքով, ով պատմեց, որ յոթը տարի շարունակ հետեւել է եկեղեցու կառուցման աշխատանքներին, ամեն նոր դրված քարով ուրախացել է, ամեն նոր խոչընդոտով մտահոգվել, եւ այսօր վերջապես եկեղեցին կարող է հանձնել նրան, ում այն պատկանում է` ժողովրդին:

«Բարեգործությունը իմ պարտքն է»,- ասաց ԲՀԿ ղեկավարը, - «Թող այս եկեղեցու կառուցումը դառնա բարության, հանդուրժողականության, ազնվության, փոխադարձ սիրո մի մեծ ազդակ: Սա է լինելու այս եկեղեցու ներսում իմ առաջին խնդրանքը Աստծուն»:

Եկեղեցու բակում նաեւ սեղաններ էին բացվել, եւ օծման արարողությունից հետո գառան խաշլամա մատուցվեց որպես մատաղ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների եւ Գագիկ Ծառուկյանի հետ համտեսեցին խաշլաման եւ գինի խմեցին, այնուհետեւ եկեղեցու դռները բացվեցին շարքային քաղաքացիների համար: Դա արդեն մի ապշեցուցիչ տեսարան էր, քանի որ մարդիկ բառիս բուն իմաստով իրենց գրպանները հացի կտորներով էին լցնում, սեղաններից հավաքում էին կանաչին, հանքային ջրերը:

Հավելենք, որ այսօր երեկոյան Գագիկ Ծառուկյանը նաեւ հյուրերի համար մեծ ընթրիք է մատուցելու իրեն պատկանող «Փարավոն» զվարճանքի կենտրոնում:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG