Մատչելիության հղումներ

Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը հետաձգվեց


Իրավապահները Պարույր Հայրիկյանի տան մոտ, որտեղ կատարվել էր մահափորձը: 1-ը փետրվարի, 2013թ.:

Իրավապահները Պարույր Հայրիկյանի տան մոտ, որտեղ կատարվել էր մահափորձը: 1-ը փետրվարի, 2013թ.:

Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձի գործով դատական առաջին նիստն այսօր մեկնարկելուն պես հետաձգվեց մինչեւ մայիսի 20-ը:

Պատճառը ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի հայտարարությունն էր, թե պաշտպան չունի եւ դատարանից խնդրում է իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Գործով ամբաստանյալները երեքն են` Խաչատուր Պողոսյանը, ով, համաձայն մեղադրանքի, կրակողն է եղել, Սամվել Հարությունյանը, ում ներկայացվել է մահափորձը կազմակերպելու մեղադրանք, եւ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում դեմ մեղադրանք է ներկայացվել սպանության փորձը պատվիրելու համար:

Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, հիշեցնենք, երեկ հայտարարել էր, թե գործը «թերի է քննված»: Դատարանում տուժողի շահերը ներկայացնող փաստաբան Լեւոն Բաղդասարյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ չի կիսում այդ կարծիքը. - «Ընդհանուր առմամբ, այո. օպերատիվ-քննչական գործառույթներից իմ կողմը գոհ է»:

Վարդան Սեդրակյանի փաստաբանը, այնուամենայնիվ, պնդում է, որ դատարան բերվել է «5 հատոր մակուլատուրա», որտեղ չի ապացուցվում Սեդրակյանի մեղավոր լինելու հանգամանքը:

Գործով տուժող Պարույր Հայրիկյանն այժմ բուժվում է արտասահմանում, ուստի չի մասնակցում դատավարությանը, ինչը այս փուլում, կողմերի կարծիքով, ընդունելի է: Սեդրակյանի փաստաբանի պնդմամբ, սակայն, հետագայում Հայրիկյանի ներկայությունը պարտադիր կլինի:
XS
SM
MD
LG