Մատչելիության հղումներ

logo-print

Տեղեկատվության անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա դասընթացը Հայաստանի ոստիկանության ակամեդիայում կազմակերպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Հայ ոստիկանները երկու շաբաթում կսովորեն պայքարել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ: Այդ հարցում նրանց օգնում է ԵԱՀԿ փորձագետ, ԱՄՆ-ից Հայաստան եկած ՏՏ մասնագետ Սենջեյ Գոուելը:

«Դասընթացը, որ մենք անցկացնում ենք Ոստիկանության ակադեմիայում, ուսանողներին բազային գիտելիքներ կտա, մենք կսովորեցնենք նրանց համացանցային անվտանգություն եւ համացանցում պաշտպանվելու հմտություններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սենջեյ Գոուելը:

Փորձագետի խոսքով` ամբողջ աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները գնալով ավելի մեծ կարեւորություն են ստանում, դրանց մեջ են մտնում նաեւ ֆինանսական գործարքները: Բացի այդ, համացանցից օգտվում են նաեւ երեխաները եւ նրանք եւս պետք է պաշտպանված լինեն համացանցում:

Այսօր դասընթացի երկրորդ օրն է, սակայն փորձագետի խոսքով, արդեն հասցրել է նկատել, որ հայ ուսանող ոստիկանները բավական լավ են ընկալում նյութը:

«Դասընթացներ անցկացնելու համար արդեն երրորդ անգամ եմ Հայաստանում, շատ ուրախ եմ այդ առիթով, հատկապես, որ ուսանողները սովորելու մեծ ձգտում ունեն: Կան ուսանողներ, ովքեր քիչ թե շատ արդեն տիրապետում են համացանցի անվտանգության որոշ հմտությունների, այդ իսկ պատճառով դասերն անցնում են ակտիվ մթնոլորտում», - նշեց ոլորտի փորձագետը:

Ոստիկանության կրթահամալիրի կրթական բարեփոխումների եւ միջազգային համագործակցության բաժնի տեսուչ եւ դասընթացի մասնակից Կարինե Սաֆարյանի խոսքով` դասընթացին մասնակցում են հիմնականում այն ոստիկանները, ում ամենօրյա գործառութային պարտականությունները կապված են համացանցի հետ: Օրինակ, կիբեռհանցավորության դեմ պայքարի բաժնի ոստիկանները:

«Դասընթացի նպատակն է, որպեսզի իրենք իրենց գործառութային պարտականությունները այս գիտելիքներն ու հմտությունները ստանալու հետո է'լ ավելի լավ կատարեն», - նշեց Կարինե Սաֆարյանը:
XS
SM
MD
LG