Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հանդիպեց Ֆաբիուսի հետ


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության

Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Նալբանդյանին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծել, որ հայ - ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, եւ այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումներն եւ քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման հնարավորությունները:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի եւ Փարիզ այցելելու հրավերի համար՝ Նալբանդյանը նշել է, որ Ֆրանսիային եւ Հայաստանին միավորում են առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, եւ բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է բարեկամ Ֆրանսիա:

Նախարարները արձանագրել են, որ երկկողմ փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձեւավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական եւ մշակութային ոլորտներում:

Նալբանդյանն ու Ֆաբիուսը ընդգծել են տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարեւորությունը։ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը եւ այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում գործակցությանը, քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Բանակցությունների օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG