Մատչելիության հղումներ

«Բարեւ Երեւան»-ը որոշեց վերցնել Երեւանի ավագանու մանդատները


Արմեն Մարտիրոսյանը ելույթ է ունենում «Բարեւ Երեւան»-ի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ապրիլ, 2013թ.

Արմեն Մարտիրոսյանը ելույթ է ունենում «Բարեւ Երեւան»-ի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ, ապրիլ, 2013թ.

«Բոլոր քաղաքացիները շահը պետք է ներկայացնի «Բարեւ Երեւան»-ը` անկախ նրանից, թե ինչ խայտառակ ընտրություններ են տեղի ունեցել», - ընդգծում է Արմեն Մարտիրոսյանը:

«Բարեւ Երեւան» դաշինքը երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշել է վերցնել Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում իրեն բաժին հասած վեց մանդատները: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ դաշինքի համամասնական ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսիսյանը իր կամքով հրաժարվել է մանդատից, եւ նրան կփոխարինի ցուցակում յոթերորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Սանասարյանը:

«Ինչպես [«Ժառանգության» առաջնորդ] պարոն [Րաֆֆի] Հովհաննիսյանն է ասում, մեզ ոչ մի տեղ չպետք է բացակա դնեն, նույն կերպ եւ ավագանիում մեզ բացակա չպետք է դնեն, որովհետեւ այն քաղաքացիները, որոնք իրենց վստահության քվեն տվել են «Բարեւ Երեւան» դաշինքին, կոնկրետ գործունեություն են նաեւ ցանկանում տեսնել, ինչը բնորոշ է եղել «Ժառանգությանը» նախկինում», - հայտարարեց Մարտիրոսյանը:

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես բոլոր քաղաքացիները շահը պետք է ներկայացնի «Բարեւ Երեւան»-ը` անկախ նրանից, թե ինչ խայտառակ ընտրություններ են տեղի ունեցել», - ընդգծեց «Ժառանգության» փոխնախագահը` շարունակելով. - «Բացի դա, մեր ընդդիմադիր գործընկերներին եւս պետք է ներկայացնի «Բարեւ Երեւան» դաշինքը»:

Հարցին` կարծո՞ւմ է արդյոք, որ ոչ իշխանական ուժերը մայրաքաղաքի ավագանիում հնարավորություն կունենան խնդիրներին լուծում տալ` լինելով փոքրամասնություն, Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց. - «Նախ ասեմ, որ մենք այդ փորձը ունենք: Եթե Ազգային ժողովում 131 պատգամավոր են, եւ որից յոթն էր «Ժառանգություն»-ից, եւ մենք կարողացանք բավականին արդյունավետ աշխատանք տանել 2007-2012 թվականներին, այս դեպքում ավագանու անդամները կրկնակի նվազ թիվ են կազմում` 65-ն են, եւ մենք այս վեց հոգով, կարծում եմ, կկարողանանք նույնածավալ աշխատանք իրականացնել»:

«Ցանկացած պարագայում, ընդդիմությանը վերապահված է, այսպես ասեմ, նյարդային համակարգի դերը, այսինքն` ցույց տալ այն թերությունները, որոնք առկա են, փորձել վերահսկողական բնույթի աշխատանք իրականացնել, ինչը, ես կարծում եմ, «Բարեւ Երեւան» դաշինքը մեծ արդյունավետությամբ կիրականացնի», - շեշտեց «Ժառանգության» փոխնախագահը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ Երեւանի ավագանիում համագործակցության հնարավորության վերաբերյալ Մարտիրոսյանը ասաց. - «Մենք կտեսնենք, թե իրենք ինչպիսի գործունեության կողմնակից են, եւ եթե տեսնենք, որ նույն լուծումներն ենք առաջարկում, համագործակցություն կլինի, եթե այլ դիրքորոշում կունենան, արդեն մենք մեր ծրագրերը կիրականացնենք, մենք մեր աշխատաոճը կիրականացնենք»:

Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած բոլոր երեք ուժերը` Հայաստանի հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները եւ «Բարեւ Երեւան» դաշինքը, կվերցնեն իրենց հասանելիք մանդատները:
XS
SM
MD
LG