Մատչելիության հղումներ

Մայիսի 14-ի մամուլ


Մամուլը լայնորեն արձագանքել է Բելառուսի նախագահի հայաստանյան այցին եւ նրա մասնակցությամբ այսօր կայացած արարողություններին:

«Պատմական» որակելով այդ արարողությունների մասնակիցների կազմը` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ալեքսանդր Լուկաշենկոն Սերժ Սարգսյանի հետ այսօր կմասնակցի Գագիկ Ծառուկյանի փողերով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, որից հետո, կրկին Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, կգնա բացելու «Փարավոն» համալիրն ու այնտեղ կըմբոշխնի իր պատվին տրվող պաշտոնական ընթրիքը: Այլ պայմաններում, այլ հանգամանքներում, այլ գործող անձանց պարագայում այս իրադարձությունը հնարավոր չէր լինի համարել պատմական, առավել եւս` շրջադարձային: Բայց սա այդ դեպքը չէ: Խնդիրն այն է, որ մեկ այլ երկրի նախագահ պաշտոնական այցով գալիս է Հայաստան ու նրան ուղեկցող Սերժ Սարգսյանի հետ գնում` բացելու ընդդիմության ապագա առաջնորդին պատկանող կազինոն: Ու այսքանը դեռ բավարար չէ, այդ կազինոն ամենամեծն է Հայաստանում: Ուրեմն ինչն է այստեղ «պատմականն» ու «շրջադարձայինը»: Երբեւէ որեւէ մեկը կպատկերացնե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը կարող է ունենալ խիստ եկամտաբեր բիզնեսներ, այդ թվում` նաեւ կազինոներ: Երբեւէ որեւէ մեկը կմտածե՞ր, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդին կարող է պատկանել երկրի ամենամեծ կազինոն»:

«Ժողովուրդ» թերթը գրում է. - «Եկեղեցու այսօրվա բացումը, բացի իր հիմնական խորհրդից, ունենալու է նաեւ լուրջ քաղաքական նշանակություն` ի ցույց հանելով Գագիկ Ծառուկյանի քաղաքական ու բիզնես կշռի չափը: Եվ առավել եւս հիմա` Երեւանի ավագանու ընտրություններում կրած խայտառակ պարտությունից եւ նորանշանակ Կառավարությունում Սպորտի նախարարի պորտֆելից զրկվելու ցուցադրական ապտակից հետո, Ծառուկյանը խնդիր ունի այսօրվա բացման ընթացքում անել այնպիսի մի բան, որը շրջադարձային կլինի երկրի քաղաքական կյանքում: Եվ գուցե հենց այդ նպատակով էլ նա եկեղեցու բացմանը հրավիրել է Հայաստանի երեք նախագահներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Նկատենք, որ նման բան Հայաստանի պատմության մեջ եղել է միայն մեկ անգամ, երբ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանը հրավիրել էր երկրի առաջին եւ երկրորդ նախագահներին: Այդ ժամանակ, սակայն, ո'չ Քոչարյանը, ո'չ էլ Տեր-Պետրոսյանը հրավերը չընդունեցին: Սակայն հրավիրելու փաստն արդեն աննախադեպ էր: Եվ հիմա` առկա քաղաքական իրավիճակում, այն էլ մի քաղաքական ուժի ղեկավարի կողմից, ինչպիսին Ծառուկյանն է, նման հրավերն ինքնին արդեն լուրջ քայլ է»:

«168 ժամ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` երեկ մեկնարկած հայաստանյան այցը խորհրդանշական է մի քանի առումներով: Հայաստանն ընդամենը մեկ շաբաթ առաջ ավարտեց ընտրական տարին: Եթե հավատանք պաշտոնական հայտարարություններին, ավարտեց «պատվով»` եւս մեկ քայլ «առաջընթաց արձանագրելով» Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհին: Ու հանկարծ հայտարարությունների մակարդակում եվրաինտեգրման անշեղ ուղին որդեգրած Հայաստանի Հանրապետություն է ժամանում քաղաքակիրթ աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում` Եվրոպայի կողմից մերժված, հետխորհրդային ամենաբռնատիրական երկրներից մեկի` նույնքան տոտալիտար ղեկավարը, ում ընդունում են ամենաբարձր մակարդակով: Ոչ միայն պետական, այլ նաեւ կուսակցական, կամ այլընտրանքային: Պաշտոնական հաղորդագրություններից ու հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերից տպավորություն է ստեղծվում, որ իրականում Լուկաշենկոն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հյուրն է, ով վերջինիս կառուցած եկեղեցու բացմանը մասնակցելու համար իր այցին պաշտոնական կարգավիճակ է տվել եւ արժանանում է պետական արարողակարգի բոլոր ատրիբուտներով հագեցած ընդունելության: Սա չափազանց հետաքրքիր նրբերանգ է մի կուսակցության ու նրա ղեկավարի պարագայում, ով, ըստ որոշ կարծիքների, գրեթե «հալածվում» է իշխանության կողմից եւ կարող է դառնալ «արմատական» ընդդիմություն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Կարկուտը ոչնչացրել է Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզերի մոտ 30 գյուղերի այգիների սպասվող բերքը, որից անմիջապես հետո մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երեւան - Արմավիր եւ Արմավիր - Մարգարա մայրուղիները` պահանջելով, որ կառավարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի վնասը փոխհատուցելու ուղղությամբ: Արտառոցն այստեղ կարկուտի հասցրած վնասը չէ. նման բան լինում է համարյա ամեն տարի: Արտառոցն այն է, որ բողոքի ակցիան զանգվածային բնույթ է կրել եւ սկսվել է կարկուտը դադարելուց անմիջապես հետո: Այսինքն` հազարավոր գյուղացիներ վստահ են եղել, որ կառավարությունն իր կամքով ոչ մի քայլ չի ձեռնարկելու, լավագույն դեպքում` ամիսներ ձգձգելուց հետո կիսատ-պռատ փոխհատուցելու է մի քանի հոգու, դրա համար էլ որոշել են առանց ժամանակ կորցնելու միանգամից անցնել վճռական քայլերի: Պարզ ասած` մարդիկ եկել են այն եզրակացության, որ այս իշխանությունները միայն ուժի լեզուն են հասկանում: Եվ որոշել են դիմել ուժի»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG