Մատչելիության հղումներ

logo-print

Թոնի Այոմին «Եվրատեսիլ»-ում սատարում է «Դորիանս»-ին


«Դորիանս» խումբը, արխիվ

«Դորիանս» խումբը, արխիվ

Այսօր Շվեդիայում տեղի կունենա երաժշտական հեռուստամրցույթի առաջին կիսաեզրափակիչը։

Շվեդիայից երգչուհի Լորինի հաղթանակը Բաքվում անցյալ տարվա մայիսին կայացած «Եվրատեսիլ» երաժշտական հեռուստամրցույթում այդ երկրի համար ապահովեց այս տարվա մրցույթն անցկացնելու իրավունքը։

«Եվրատեսիլ»-ը արդեն 5-րդ անգամ տեղի կունենա Շվեդիայում։ Մինչ այդ Շվեդիայի կատարողները հաղթել են 1974, 1984, 1991 եւ 1999 թվականներին։ Շվեդիայից ամենահայտնի հաղթողը ԱԲԲԱ խումբն է, որի համար հենց «Եվրատեսիլ»-ում կատարած «Վաթերլոո» երգը դարձավ համաշխարհային ճանաչում վաստակելու թռիչքուղի։

«Ծանր մետաղ» ոճի հզոր ռոք խմբերը «Եվրատեսիլ» մրցույթին չեն մասնակցել, սակայն այս անգամ կլինի մասնակցության «միջնորդված» տարբերակ` Հայաստանի կատարողների շնորհիվ։ «Դորիանս» խմբին իր երգն է վստահել աշխարհահռչակ «Բլեք Սաբաթ»-ի կիթառահար Թոնի Այոմին։ 65-ամյա երաժիշտը «Լոնլի Փլանեթ» («Միայնակ մոլորակ») երգը վաղուց էր գրել եւ այն պահել էր արխիվում։

Birmingham Mail պարբերականի փոխանցմամբ` Այոմին ասել է, որ մայիսի 14-18-ը Մալմյոում անցկացվելիք հեռուստամրցույթում աջակցելու է «Դորիանս»-ին եւ խմբի վոկալիստ Գոռ Սուջյանին։ Այոմին նաեւ իր երկրպագուներին է հորդորել սատարել «Դորիանս»-ին։

«Չափազանց զարմացել էի, երբ իմացա, որ Հայաստանում հարյուրավոր երգերից այդ մեկն է հեռուստադիտողների քվեարկությամբ ընտրվել «Եվրատեսիլ»-ի համար»,- ասել է Թոնի Այոմին եւ ավելացրել.- «Դա մի փոքրիկ բալլադ էր, որը 4-5 տարի առաջ եմ գրել, սակայն երբեւէ չեմ թողարկել»։

Հիմա «Լոնլի Փլանեթը» կլսեն միլիոնավոր մարդիկ։ Այոմիի խոսքերով` ինքը շատ կուրախանա, եթե երգն անցնի եզրափակիչ։

Birmingham Mail-ը գրում է, թե Այոմիին «Եվրատեսիլ»-ի մշտական երկրպագու չես համարի, նա շատ հեռու է այդ կարգի մրցույթներից։

«Միշտ մտածել եմ, թե ես երբեւէ կապ չեմ ունենա «Եվրատեսիլ»-ի հետ, բայց ահավասիկ` ես էլ եմ այնտեղ», - ժպտալով խոստովանել է կիթառահարը։

Նա Birmingham Mail-ի թղթակցին ասել է, որ սկզբում համոզված չէր` արժե՞ արդյոք երգ տրամադրել մրցույթին։

«Տեր Աստված, չգիտեմ, ես եւ «Եվրատեսի՞լ»-ը։ Իսկապես տարօրինակ կլինի։ Ես սովորաբար նման բաներ չեմ անում։ Բայց հիմա հուսով եմ, որ լավ կստացվի», - ասել է «Բլեք Սաբաթ»-ի կիթառահար Թոնի Այոմին։

Birmingham Mail-ը նշում է, որ Այոմին եւ նրա լավ բարեկամը` «Դիթ Փարփլ» խմբի երգիչ Իեն Գիլանը արդեն բավական կարեւոր մարդասիրական աշխատանք են արել Հայաստանի համար, որտեղ Գյումրիում նրանց օգնությամբ կառուցվում է երաժշտական դպրոց։ Այն կբացվի այս տարվա սեպտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG