Մատչելիության հղումներ

Աշխարհում կլիմայի փոփոխությունը հիմնական պատճառը համարվում են CO2` ածխաթթու գազի արտանետումները: Հայաստանում կլիմայի գլոբալ փոփուխությունը արտահայտվում է եղանակի տաքացմամբ:

«Գիտականորեն հիմնավորված է` միանշանակ կլիմայի տաքացում է գնում», - ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Համլետ Մելքոնյանը:

Նրա խոսքով, ուսումնասիրությունները վկայում են, որ 1935-1996 թվականներին Հայաստանում ջերմաստիճանը բարձրացել է 0.4 աստիճանով, 1996-2007 թվականներին բարձրացել է եւս 0.45 աստիճանով` գերազանցելով բացասական կանխատեսումները, իսկ 2011-ի դրությամբ փոփոխությունը 1935 թվականի համեմատ 1.03 աստիճան է:

«Դա կլիմայական տեսանկյունից շատ մեծ թիվ է», - ասաց Համլետ Մելքոնյանը:

Ուսումնասիրվում են նաեւ ապագայի միտումները, որոնց համաձայն Հայստանում ջերմաստիճանի տաքացումը շարունակվելու է մեծ տեմպերով, իսկ փոփոխությունների արդյունքում կպակասեն Հայաստանի անտառները, ջրային պաշարները, փոփոխությունների կենթարկվեն այլ էկոհամակարգեր:

Հայաստանում մեծ չեն արտանետումները մթնոլորտ, դրանք հիմնականում գոյանում են ՋԷԿ-երի, կաթսայատների, ավտոտրասպորտի գործունեությունից:

«Ես չգիտեմ մի երկիր, որ ավելի շատ կրճատած լինի գազի արտանետումները, քան Հայաստանը, բայց դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ նպատակաուղղված քայլեր են կատարվել, ուղղակի մեր տնտեսության անկման հետեւանքով է տեղի ունեցել: Բոլոր երկրները իրենց արտանետումների քանակը համեմատում են 1990 թվականի հետ, 90 թվականին մենք ունեինք 25 մլն տոննա արտանետում, իսկ այսօր` շուրջ 6 մլն: Երբեմն ասում են, որ այս արտանետումները խոսում են տնտեսության վիճակի մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի կլիմայի փոփոփոխության կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը:

Այդուհանդերձ, գլոբալ տաքացքումը հավասարապես սպառնում է նաեւ Հայաստանին: Հետեւաբար մասնագետները կարեւոր են համարում նոր կլիմային հարմարվելը. տնտեսությունը, մասնավորապես, գյուղատնտեսությունը հարմարեցնելը, ջրային եւ բնական ռեսուրսների ճիշտ ու խնայողաբար օգտագործումը եւ այլն:

«Ես ավելի հակված եմ նրան, որ մենք լավ պահպանենք էկոհամակարգերը, իսկ գյուղատնտեսությունը հարմարեցնենք չորային պայմաններին», - նշեց Գաբրիելյանը:

Հայաստանը 1993-ին վավերացրել է ՄԱԿ-ի կլիմայի փոփոփոխության կոնվենցիան, որի հիմնական նպատակը ջերմոցային գազերի արտանետման սահմանափակումն է` այդպիսով ինչ-որ կերպ պայքարելով կլիմայի գլոբալ փոփոխության դեմ:
XS
SM
MD
LG