Մատչելիության հղումներ

Թուրքիան նախընտրում է մոռացության մատնել հայազգի հերոսին


Բրիտանական հեղինակավոր «Ինդեփենդենթ»-ը այսօր հոդված է հրապարակել թուրքական բանակի հայազգի հերոս, արիության համար անձամբ Աթաթուրքից մեդալներ ստացած զինվորական Սարգիս Թորոսյանի մասին, ում մերօրյա թուրք պատմաբանները նախընտրում են մոռացության մատնել, անցած ճանապարհն էլ սուտ ու մտացածին որակել:

Հոդվածի հեղինակը՝ բրիտանացի հայտնի լրագրող, բազմաթիվ մրցանակների արժանացած Ռոբերտ Ֆիսկը փաստում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին դեմ կանգնած Թուրքիայի կառավարությունը ծրագրում է ստվերել այդ մասին հիշողությունները՝ առաջին պլան բերելով նույն այդ տարում դաշնակից երկրների դեմ Դարդանելում Թուքրիայի տարած հաղթանակը: Այդ ճակատամարտին մասնակցել է նաեւ հրետանու սպա Սարգիս Թորոսյանը, ով պատերազմից հետո հրապարակած հուշագրությունում պնդել է, թե ինքն է եղել առաջին մարդը, ով բրիտանական ռազմանավ է խորտակել, հետո էլ արիության համար երկու մեդալ ստացել ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալից:

«Վերջերս մի քանի խիզախ թուրք պատմաբաններ որոշել են թուրքերեն հրատարակել Թորոսյանի այս հուշագրությունը, եւ դա մեծ արձագանք է գտել մամուլում», - գրում է «Ինդեպենդենթ»-ի լրագրողն ու մանրամասնում՝ Ցեղասպանության մասին պաշտոնական Անկարայի տեսակետը պաշտպանող երկու գիտնականներ պնդել են, թե հուշագրությունը մտացածին է, այդպիսի մարդ ընդհանրապես գոյություն չի ունեցել, կեղծ են նաեւ մեդալների մասին պնդումները:

Թեժ բանավեճը է'լ ավելի է սրել Հայոց ցեղասպանության մասին իր հրապարակային հայտարարություններով հայտնի եւ այդ փաստն ամբողջովին ընդունող թուրք գիտնական Թաներ Աքչամը, ով գտել է Միացյալ Նահանգներում ապաստանած Թորոսյանի ընտանիքին եւ հայտնաբերել, որ Օսմանյան կայրությունից ստացած նրա երկու մեդալներից մեկը ստորագրված է անձամբ Աթաթուրքի կողմից:

Զուգահեռներ տանելով մոռացության մատնված հայազգի այս հերոսի ու դեպի Եվրամիություն ձգտող այսօրվա Թուրքիայի միջեւ՝ Ռոբերտ Ֆիսկը հարցնում է. - «Ինչպե՞ս կարող է Թուրքիան հույսեր փայփայել եվրոպական ընտրանիքի անդամ դառնալու մասին, քանի դեռ մերժում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը եւ այդ մերժումը կրկին մարմնավորում օսմանյան սպայի վրա կատարվող սկանդալային այս հարձակումներով»:

Նշենք, որ Դարդանելի ճակատամարտից բացի Թորոսյանը մանակցել է նաեւ մի քանի այլ վճռորոշ մարտերի՝ հանուն Օսմանյան կայսրության, մինչեւ պարզել է, որ Եղեռնի արդյունքում իր ընտանիքի մի մասը կոտորվել է, քույրն էլ հայտնվել է դեպի Սիրիա եւ Պաղեստին ձգվող գաղթի ճանապարհին: Այդ պահից սկսած՝ հայազգի սպան անցել է Թուրքիայի հակառակորդ երկրների ճամբարն ու ի վերջո իր հանգրվանը գտել ԱՄՆ-ում, որտեղ էլ հրապարակել է հուշագրությունը՝ «Դարնադելից մինչեւ Պաղեստին» վերտառությամբ:

Հոդվածում Ռոբերտ Ֆիսկը նաեւ մեջբերել է երկու տարի առաջ՝ Դարդանելի ճակատամարտի 95-ամյակի կապացությամբ արտգործնախարար Դավութօղլուի արած հայտարարությունը, որը լրագրողի խոսքով, շատ արդարացի պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է պատրաստվում Թուրքիան նշել Եղեռնի 100-րդ տարելիցը. - «Մենք պատրաստվում ենք 1915 թվականը դարձնել հայտնի տարեթիվ ողջ աշխարհի համար, բայց ոչ թե որպես Ցեղասպանության տարելից, ինչի մասին պնդում ու զրպարտում են ոմանք, այլ որպես թուրք ժողովրդի հաղթական դիմադրության տարի»:

Այսպիսով ենթադրվում է, որ թուրքական ազգայնականությունը կրկին կհաղթի պատմությանը, մինչդեռ Դարդանելիում կռիվ տված բազմաթիվ զինվորների հետնորդներ կարող են հարցնել, թե ինչու Անկարան չի մեծարում նաեւ այդ ճակատաարտում արյուն տված արաբներին ու հայերին, այդ թվում՝ հրամանատար Թորոսյանին, ով թուրքերի հետ կողք-կողքի պայքար է մղել Օսմանյան կայսրության հակառակորդների դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG