Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մայիսի 15-ին եւ 16-ին իր Hollywood non-stop համերգային ծրագրով Երեւանում կներկայացնի հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիները:

Ծրագրում հնչելու են «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո եւ Ջուլիետ», «Աստղային պատերազմներ» եւ մի շարք այլ ֆիլմերի սաունթրեքեր:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները գնվել են Հոլիվուդից:

«Այն բոլոր վայրերում, որտեղ ունեցել ենք համերգներ, ամենաբուռն ընդունել են «Կնքահայրը» ֆիլմի երաժշտությունը», - ասաց դիրիժորը:

ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին: Համերգային ծրագիրը ներկայացվել է երեւանյան 8 բուհերում, շուրջ 6000 ուսանողներ ունկնդրել են համերգները, այնուհետեւ նվագախումբը մեկնել էր մարզեր: Սմբատյանը նշում է, որ իրենց համերգներին հատկապես մարզերում են մեծ ոգեւորությամբ սպասում: Արդեն իսկ եղել են Գյումրիում, Վանաձորում, Եղեգնաձորում եւ Արտաշատում: Երեւանում Hollywood non-stop-ը կներկայացվի «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշեց, որ հնարավորության դեպքում կաջակցեն երիտասարդներին, որպեսզի Hollywood non-stop-ը ներկայացվի նաեւ Միացյալ Նահանգներում:

«Ծրագիրը նոր եւ կրեատիվ է: Ծրագրի շնորհիվ շատ երիտասարդներ կցանկանան կրկին դասական երաժշտություն ունկնդրել», - կարծում է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Սերգեյ Սմբատյանը տեղեկացրեց, որ հնարավոր է ապագայում ցանկում ներառվեն նաեւ հայկական ֆիլմերի մեղեդիներ:
XS
SM
MD
LG