Մատչելիության հղումներ

Երեւանի նորընտիր ավագանիում, ըստ ԿԸՀ-ի` երեկ հրապարակած վերջնական արդյունքների, ՀՀԿ-ն կունենա 42, ԲՀԿ-ն` 12, «Բարեւ Երեւան»-ը` 6 անդամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, չնայած դժգոհ է մայիսի 5-ի ընտրությունների անցկացման որակից, որոշել է վերցնել մանդատները:

«Մենք բարոյական պատասխանատվություն ունենք այն հարյուր հազար երեւանցիների հանդեպ, որոնք իրենց վստահության քվեն տվել են «Բարգավաճ Հայաստան»-ին եւ 17 մանդատով անգամ պիտի փորձենք բարձրացնել այն գերակա, կարեւոր հարցերը, որոնք մենք տեսանք, որ Երեւանում բազմաթիվ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ցուցակը գլխավորող երեք թեկնածուները` ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը եւ Աբրահամ Մանուկյանը հրաժարվելու են իրենց մանդատներից:

Նշենք, որ ինքնաբացարկի դիմումները կարող են ԿԸՀ ներկայացվել մինչեւ օրվա ավարտը:

Նախընտրական փուլում ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ԲՀԿ-ի համար, Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ` թշնամի քաղաքական ուժեր չկան, կհամագործակցեն ե’ւ «Բարեւ Երեւան»-ի, ե’ւ Հանրապետականի հետ:

«Բարեւ Երեւան» դաշինքն իրեն բաժին հասած 6 մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու հարցը քննարկելու է այսօր երեկոյան:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, սակայն, ընդդիմադիր դաշինքը հակված է վերցնել մանդատները:

Ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անահիտ Բախշյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ինքը կողմնակից է մանդատները վերցնելուն եւ աշխատելուն:

«Բարեւ Երեւան»-ը հիշեցնենք, ԿԸՀ-ից պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 5-ին ընտրությունների արդյունքները: Այս առնչությամբ իշխող Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց. - «Իրավական որեւէ հիմք չկա, առավել եւս` բարոյական»:

Ընդդիմություն, նրա խոսքով, այս ընտրությունների արդյունքում վերացավ, եւ իրենց [իշխանության] գործը դժվարացրեց. այժմ ստիպված են լինել ե’ւ իշխանություն, ե’ւ ընդդիմություն. - «Անընդհատ երգում են «Թագավոր լինելուց լավ բան» երգը, որը ցաքուցրիվ արեց ամբողջ ընդդիմությանը»:

Ըստ Գալուստ Սահակյանի, ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու միայն մեկ ձեւ գոյություն ունի. - «Դա կլինի, եթե Փոքր Մհերը ժայռից դուրս գա»:

Մայրաքաղաքի նոր ավագանին առաջին նիստը կգումարի հունիսի 8-ին:
XS
SM
MD
LG