Մատչելիության հղումներ

Լրագրողների նկատմամբ բռնությունները` անպատժելիության հետեւանք


Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները աշխատանքի պահին, արխիվ
Հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները աշխատանքի պահին, արխիվ
Անդրադառնալով վերջին շրջանում լրագրողների նկատմամբ մեկը մյուսին հաջորդող բռնության դեպքերին` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրում է, որ դրանք անպատժելիության հետեւանք են: Կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի գնահատմամբ` քաղաքական կամքի դեպքում իշխանությունները կարող են կանխել նման միջադեպերը:

«Բավական է ընդամենը մի խիստ հրահանգ, որ «լրագրողներին ձեռք չտաք», եւ կարծես թե էդ ամեն ինչը կարելի է արգելել, արգելափակել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մելիքյանը` շարունակելով. - «Բայց եթե արդեն օրինականության առումով խոսենք, եւ մենք հիմնականում ա՛յդ տեսանկյունից ենք հանդես գալիս եւ դա ենք պահանջում իշխանություններից, մենք ուզում ենք, որպեսզի մեղավորները իսկապես պատժվեն, եւ դա դաս դառնա այն սանձարձակ անձանց համար, որոնք այդպիսի պլաններ կամ նկատառումներ ունեն»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն այս տարի լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնության արդեն չորս դեպք է արձանագրել: Կոմիտեն այսպիսի միջադեպերի միտում է տեսնում հատկապես ընտրական շրջանում:

Միեւնույն ժամանակ, Մելիքյանը հուսադրող է համարում, որ վերջին երկու դեպքերում ոստիկանապետը պատժեց միջադեպին չմիջամտած կամ մասնակցած ոստիկաններին:

Հիշեցնենք, Երեւանի գործող ավագանու անդամ եւ ավագանու անդամի հանրապետական թեկնածու Աշոտ Պապայանը գործող քաղաքապետ, Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ քաշքշել ու հարվածել էր iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանին, իսկ ոստիկանները չէին միջամտել: Իսկ ահա «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանին հրել, քաշքշել եւ անձնական վիրավորանքներ էր հասցրել հենց Ոստիկանության ներկայացուցիչը` «Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը. լրագրողը Հյուսիսային պողոտայում մոտեցել էր ոստիկաններին եւ փորձել պարզել, թե ինչու են կիթառ նվագող երիտասարդից պահանջում ներկայանալ բաժին:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վերոհիշյալ երկու դեպքերում էլ պատժեց ոստիկաններին` կամ հենց նրանց աշխատանքից հեռացնելով, կամ էլ` վերադասին: Այդ կապակցությամբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը ընդգծեց. - «Դա հաճախ չի լինում: Նախորդ տարիների ընթացքում, որպես կանոն, ոստիկանապետերը` նախորդ ընտրություններում եւ այլն, այսպես, համարում էին, որ իրենց աշխատակիցները, ծառայողները օրենքի խախտում թույլ չեն տվել կամ կարգապահական խախտում թույլ չեն տվել: Այս անգամ կարծես թե մոտեցումը այլ էր, եւ դա հուսադրող է»:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, սակայն, հուսադրող որեւէ բան չի տեսնում: Ճիշտ հակառակը, ըստ խմբագրի` անզեն աչքով էլ նկատելի է հետընթացը: «Սա կապված է ընդհանրապես երկրում տիրող մթնոլորտի հետ: Երեւանի ավագանու ընտրությունները աչքի էին ընկնում խայտառակ ընտրակաշառքներով, ընդհանրապես երկրում տիրող տարօրինակ մթնոլորտով, որը մեկ էլ 90-ական թվականներին էր մեզ ծանոթ, երբ որ թաղային խուժանը գլուխ է բարձրացնում, եւ բանական էր, որ այդ առաջին գծում գտնվողները հիմնականում լրագրողներն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց Օհանյանը:

Նա հիշեցրեց, որ փետրվարին կայացած նախագահական ընտրություններում նաեւ իր թերթի լրագրողն էր բռնության ենթարկվել:

«Հրապարակ»-ի խմբագիրն ասում է` ամենօրյա աշխատանքում են զգում, թե որքան է բարդացել լրագրողի գործը. - «Իսկ թե ինքը իշխանությունը ինչ է մտածում, ինչպես է վերաբերվում դրան, ինչ հրահանգներ ու հորդորներ է իջեցնում` դե մենք տեսնում ենք, որ դրանք իրականության հետ կապ չունեն: Այդ գաղջ մթնոլորտը, որ թեւավոր խոսքը ասվեց երկրի նախագահի կողմից, առաջին հերթին այդ գաղջ մթնոլորտի զոհերը մենք ենք` լրագրողներս»:

Այն, որ երկրում խոսքի ազատության վիճակն անհամեմատ բարելավվել է, նվազել են լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը, նաեւ նախագահ Սերժ Սարգսյանն է բարձրաձայնել:

«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի խոսքով` միշտ չէ, որ նախագահի ուղերձներն ըմբռնում են նրան սատարող թիմում:

«Այդ թաղի խուժանը, որ լրագրողին հարվածել է, քաշքշել է` նրանց մոտ ինչ նախագահի խոսք, ընդհանրապես խոսքի ազդեցություն, լրագրող եւ այլն: Բայց, ցավոք սրտի, նաեւ այն մարդը, ով ծեծել էր լրագրողին, նույնպես չձերբակալվեց, եւ ասում են` քրեական գործը կա, սակայն ոչ մի առաջընթաց կարծես թե չկա. հայտնի էր ով է, բոլորը գիտեն, բայց քննություն է, թե ինչն են քննում` միայն Աստծուն է հայտնի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ղազարյանը` ամփոփելով. - «Բայց ասել, որ դա օրինաչափ է, որ լրագրողներին ծեծում են կամ նեղում են, սուտ կլինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG