Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը հաջողության կհասնի, եթե «ավելի շատ աշխատի»


ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը կարծում է, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն կլինի այն դեպքում, եթե ընդդիմությունն ավելի շատ աշխատի եւ տեր կանգնի իր քվեներին, ինչպես նաեւ հետեւողականորեն քննվեն արձանագրված ընտրախախտումների դեպքերը:

«Ընդդիմությունը հաջողության կհասնի այն դեպքում, եթե բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ լինեն, եւ բոլոր կողմերը հավասարապես կարողանան իրենց խոսքն արտահայտել լրատվամիջոցներով: Այս հարցում, օրինակ, առաջընթաց կա։ Ազատ, արդար ընտրություններ եւ ճշգրիտ հաշվարկված քվեաթերթիկներ ունենալու համար հարկավոր է արձանագրած խախտումները քննության առնել եւ հետեւողական լինել դրանց նկատմամբ», - ասաց դեսպանը` հավելելով. - «Եվս մեկ բան` ընդդիմադիր կուսակցություններից այս գործընթացը պահանջում է լինել ագրեսիվ, հաստատակամ: Նրանք պետք է ցույց տան, որ շատ են աշխատում հայ ժողովրդի քվեն ստանալու համար: Սա նշանակում է, որ ընդդիմությունը նույնպես ունի պատասխանատվության իր բաժինը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ նկատի ունի ագրեսիվ ասելով, դեսպանը պատասխանեց. - «Ես նկատի չունեմ ոչ խաղաղ ագրեսիվությունը, հակառակը` կարծում եմ, որ նրանք խաղաղ կերպով, ակտիվորեն պետք է իրենց գործն անեն, կազմակերպեն մարդկանց, ստանան նրանց քվեները եւ հաղթեն ընտրություններում»:

Հայաստանում կա՞ որեւէ ընդդիմադիր ուժ, որ համապատասխանում է իր նշած չափանիշներին եւ կարող է այդ մեթոդներով հասնել իշխանափոխության, օրինակ, «Ժառանգությունը» կամ Հայ ազգային կոնգրեսը. այս հարցին դեսպանը պատասխանեց. - «ԱՄՆ-ի կառավարությունը եւ Հայաստանի միջազգային գործընկերները չեն պաշտպանում որեւէ կուսակցության, մենք փորձում ենք խրախուսել, որ բոլոր կուսակցությունները, թեկնածուները, տեսակետները ունենան հավասար եւ արդար բաշխված հնարավորություններ»:

Հիշեցնենք, մայիսի 3-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել էր ԱՄՆ-ի դեսպանի հետ: Համաձայն Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրության` կողմերը քննարկել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այս հանդիպումից մեկ օր առաջ էլ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր հանդիպել ԱՄՆ-ի դեսպանին: ՀԱԿ-ը տեղեկացրել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւանի ավագանու ընտրությունների հետ կապված զարգացումները, ընտրական գործընթացի օրինականության վերահսկման եւ այդ ուղղությամբ ընդդիմադիր քաղաքական ուժերի համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ միջազգային հանրության կողմից այդ ընտրությունների մոնիտորինգի հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG