Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ակնկալում է նոյեմբերին Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրը


Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե, արխիվ

Պաշտոնական Բրյուսելը ակնկալում է առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում արդեն Հայաստանի հետ նախաստորագրել Ասոցիացման համաձայնագիրն ու Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասաց Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ընդգծելով, որ Բրյուսելը լուրջ ու տեսանելի առաջընթաց է ակնկալում այդ հավաքից, որտեղ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները մեկ սեղանի շուրջ կնստեն նախկին Խորհրդային Միության վեց երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարների հետ:

«Հայաստանի համար, հուսով ենք, այդ գագաթնաժողովի կոնկրետ արդյունքը կլինի Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ պայմանագրի նախաստորագրումը: Սա շատ դժվարին գործընթաց է, որը ենթադրում է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է ներդաշնակեցվի եվրոպական օրենսդրության հիմնական մասի հետ: Այնպես որ, սա լուրջ գործ է», - ասաց Ֆյուլեն եւ շարունակեց. - «Բացի այդ, հուսով ենք, որ կգործարկվեն նաեւ ռեադմիսիայի եւ վիզաների դյուրացման մասին համաձայնագրերը, ինչպես նաեւ կհամաձայնեցվի Հայաստանի արդիականացման համար անհրաժեշտ բարեփոխումների ցանկը»:

Ասոցիացման համաձայնագիրը, հիշեցնենք, նախատեսում է խորացնել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները գրեթե բոլոր ոլորտներում՝ արտաքին քաղաքականությունից մինչեւ առեւտուր ու մշակույթ, մինչդեռ Ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, ստորագրման դեպքում, հայ գործարարների առջեւ կբացի Եվրամիության հսկայական շուկան՝ առավել շահեկան պայմաններով ու հնարավորություններով:

Այս փաստաթղթերի ստորագրմանը հասնելու համար, սակայն, պաշտոնական Բրյուսելը շարունակում է բարեփոխումներ ակնկալել Հայաստանի իշխանություններից՝ ոչ միայն ժողովրդավարության ու մարդու իրավունքների, այլեւ օրենսդրության արդիականացման ու կիրառման ոլորտներում:

Ներքին խնդիրներից բացի, Բրյուսելի համար գերակայություն է մնում նաեւ այս տարածաշրջանի անվտանգությունն ու առկա հակամարտությունների կարգավորումը:

Հիշեցնելով Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ անցած ամիս Եվրամիության աջակցությամբ ձեռք բերված համաձայնությունը, «Ազատություն» ռադիոկայանը Շտեֆան Ֆյուլեից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ պաշտոնական Բրյուսելը նման նախաձեռնությամբ հանդես գա նաեւ Լեռնային Ղարաբաղի դեպքում:

«Կարծում եմ, այդ համաձայնությունը առավել հնարավոր էր ձեռք բերել Բալկաններում եւ ավելի քիչ հնարավոր՝ Լեռնային Ղարաբաղում: Պատճառներից մեկն այն է, որ մենք այդ հակամարտությունը կարգավորելու համար հատուկ ձեւաչափ ենք սահմանել՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, ինչպես նաեւ՝ սկզբունքներ, այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները», - հայտարարեց Եվրամիության հանձնակատարը` հավելելով. - «Սակայն, սա չի նշանակում, թե Եվրամիությունը չի ընդլայնում իր դերն այս խնդրի կարգավորման գործընթացում: Առաջինը՝ մենք աջակցում ենք բանակցություններին, երկրորդը՝ ավելի ու ավելի ենք ներգրավվում կողմերի միջեւ վստահությունն ամրապնդող միջոցառումներում, ինչը, հուսով ենք, առավել բնարենպաստ միջավայր է ստեղծում տեղում»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը փաստեց նաեւ, որ պաշտոնական Բրյուսելը շարունակում է ուշիուշով հետեւել մարդու իրավունքների ու ժողովրդավարության վիճակին հարեւան Ադրբեջանում:

«Որոշ քննադատներ ասում են, թե Եվրամիությունը աչք է փակում այս հարցերի վրա, քանի որ հետաքրքրված է Ադրբեջանի նավթի եւ գազի հարուստ պաշարներով: Ինչպե՞ս կարձագանքեք այս քննադատություններին», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Շտեֆան Ֆյուլեն պատասխանեց. - «Դա իրականությանը չի համապատասխանում, եթե հետեւեք Բաքու կատարած վերջին այցի ժամանակ իմ արած հայտարարություններին, ապա կտեսնեք, որ այդ արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատությունը, ծայրահեղ կարեւոր նշանակություն ունեն Եվրամիության համար: Ադրբեջանը իսկապես հսկայական ներուժ ունի Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու համար, սակայն հենց այդ մատնանշված բացթողումների պատճառով մենք առայժմ անկարող ենք իրագործել այդ հնարավորությունները»:

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը նաեւ կոչ արեց Ադրբեջանի նախագահին աշնանը կայանալիք ընտրություններն անցկացնել ազատ եւ արդար ու հնարավորություններ ստեղծել քաղաքական երկխոսության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG