Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Հինգ տարի անց ունենալու ենք որակապես նոր պետություն»


Արխիվ -- Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում

Արխիվ -- Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եկել է ասելու՝ պայքարը շարունակվում է։

Հովհաննիսյանը, ով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով զբաղեցրել էր երկրորդ տեղը եւ ուղիղ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում տվել էր «Նոր Հայաստանի» երդումը եւ հայտարարել, որ չի ճանաչում ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը, այսօր նշեց, որ իրեն հարկավոր չէ ոչ մի աթոռ, ոչ մի նախագահություն։

«Բայց հինգ տարի անց, արդեն 5-ից քիչ՝ ունենալու ենք որակապես նոր պետություն, Հայաստանի Հանրապետություն, եւ չեմ ասի որտեղ չկա Սերժ Սարգսյան կամ ուրիշները», - հավելեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը, - «թող բոլորը եւ լինեն, բայց մեր պարտականությունն է այս 5-մինուս տարիների ընթացքում կերտել այդ նոր սերունդը, որ ապրիլի 9-ին՝ մի ամիս առաջ, փախուստ չտվեց սուլոցներով Հյուսիսային պողոտայով։ Մեզ պետք է նոր սերունդ, որով ոչ թե դրված է այս կամ այն մարգարեին, կամ փրկչին, կամ հերոսին, կամ քաղաքական գործչին... մեզ պետք է մի սերունդ, որը կյանքը, հայրենիքը չի դիտարկում որպես զուտ կուսակցական ինչ-որ խնդիր»։

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, անցած 8 ամիսների ընթացքում իր եւ իր աջակիցների անցած պայքարը իզուր չէր, դա անհրաժեշտ հանգրվան էր, եւ առաջիկայում այդ պայքարի արդյունքները մենք տեսնելու ենք՝ «ունենալու ենք ազատ, անկախ, արդար, ազգային եւ երջանիկ Հայաստան միասին»։

Հովհաննիսյանը նշեց, որ մի բան պետք է փոխվի երկրում, եւ եթե պետք է՝ ինքը պատրաստ է զիջել. - «Եթե պետք է որեւէ մեկը զիջի, նահանջի, որեւէ մեկի քավության նոխազը դառնա, ընդդիմադիր լինի, թե իշխանական, դա կլիեմ ես, եթե որեւէ մեկի համար պետք է»։

Հիշելով մեկ ամիս առաջ տեղի ունեցած զարգացումները, ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ պայքարը պետք է շարունակել. - «Թող ոչ մեկը չմտածի, ինչպես ոմանք ուզում էին մտածել մի ամիս առաջ այս օրը, որ կարելի է մի փամփուշտով, ոստիկանի հետ կռիվ տալով, ինչ-որ մի տեղ գրոհելով խնդիր լուծել։ Այդպես չի լինում։ Բայց նաեւ Բաղրամյան 26-ը, որը ապօրինի է, որը օրենքից դուրս է այսօր իր կեղծ ընտրության բերմամբ, պիտի հասկանա, որ ինքը գործ ունի ժողովրդի հետ»։

Ընդդիմադիր գործիչն անդրադարձավ նաեւ մայիսի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններին, որին նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցել էր «Բարեւ Երեւան» դաշինքի կազմում։ Դաշինքը ընտրությունների պաշտոնական արդյունքներով ստացել էր քվեների 8.43 տոկոսը եւ 65 տեղանոց ավագանիում ընդամենը 6 մանդատ ձեռք բերել՝ հետ մնալով իշխող Հանրապետական եւ իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս ընտրություններում կրկին խեղվեց ժողովրդի ձայնը՝ կարծիք հայտնելով, որ եթե իսկապես ընտրությունները լինեին ազատ եւ արդար, ապա «Բարեւ Երեւան» դաշինքը կզբաղեցներ առաջին, կամ վատագույն դեպքում՝ երկրորդ տեղը։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը նշեց, որ առաջիկա օրերին դաշինքը կորոշի՝ վերցնել ավագանու մանդատները, թե ոչ։


«Պետք է պատրաստենք մեր հանրապետությունը նոր սերնդի համար»


«Հիմա քաղաքական շրջափուլը ավարտվեց, ընտրությունները` նախագահական, ավագանու ընտրությունները ավարտվեցին, բայց Դուք կրկին ակտիվ պայքարի կոչ եք անում: Կոնկրետ ի՞նչ ծրագիր ունեք հիմա, այս պահին, հաջորդ քայլը քաղաքական, այդ «Նոր Հայաստան» շարժումը ընդհանրապես ի՞նչ է անելու», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը արձագանքեց. - «Ես միշտ եղել եմ հավաքական ուժի եւ պատասխանատվության կողմնակից եւ ես առաջարկում եմ Հայաստանի ժողովրդին, քաղաքացիական հասարակությանը, անկախ մտավորականներին, երիտասարդներին` հատկապես, եւ քաղաքական ուժերին` եթե ամեն մեկը ուզում է դուրս գալ իր սեփական պարտությունից եւ բոլորիս հավաքական պարտությունից, ժամը եկել է, որ միասին մենք օրակարգ ձեւավորենք եւ իրականացնենք: Ես չեմ, որ պիտի որոշեմ, եւ ասում եմ` Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Մարգարյան, մնացած բոլորը, մենք պետք է պատրաստենք մեր հանրապետությունը նոր սերնդի համար, իսկ ես պատրաստ եմ դրան»:

«Ես հրավիրել եմ հերթական «կլոր սեղանը»` տասն օր անց, «Անի» հյուրանոցում, եւ հույս ունեմ, որ ովքեր չեն առաջնորդվում, այսպես, արարողակարգով` ով գրավոր հրավեր ստացավ, ով` չէ, որ իրենք կներկայանան, իրենց տեսակետները կներկայացնեն: Ես կարծում եմ, որ ներկա դրությամբ այդ ծրագիրը պիտի որոշվի հավաքաբար, իսկ հինգ տարի անց, եթե այսպես շարունակվի, բոլորս գիտենք, անկախ նրանից, թե քաղաքական դաշտում մենք որտեղ ենք գտնվում, մենք բոլորս գիտենք, որ հինգ տարի անց շատ ավելի վատ վիճակում ենք լինելու, քան այսօր անգամ` անգամ քան այսօր», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Թույլ չտանք, որ այս վիճակը շարունակվի, որ ամեն մեկը թող դուրս գա փոխադարձ մեղադրանքներից, բարձր ու ցածր գնահատականներից, եւ այնպես անենք, որ մենք կարողանանք, միգուցե` ի հեճուկս մեզ, այդ ազգը դարձնենք պետություն», - ընդգծեց «Ժառանգության» առաջնորդը:

Պատասխանելով Երկրապահի օրվա կապակցությամբ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշան շնորհելու փաստին իր արձագանքի վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. - «Կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ այս հինգ տարվա ընթացքում մենք չունենանք ո՛չ Սերժ Սարգսյան նախագահ, ո՛չ Սուրեն Խաչատրյան մարզպետ»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք «Ժառանգությանը» առաջարկ արվե՞լ է մաս կազմել նոր կառավարությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ, առաջարկ չի եղել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանո՞վ կկարողանա այդ կառավարությունը լուրջ բարեփոխումներ իրականացնել, ինչի մասին խոսել էր նախագահ Սերժ Սարգսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե հաշվի առնելով այդ կառավարության կազմը, կասկածում է, թե ինչ-որ բան կփոխվի։

Հարցին՝ կարծում եք, որ մինչեւ հաջորդ ընտրություններ իշխանափոխությո՞ւն է տեղի ունենալու, Հովհաննիսյանը պատասխանեց. – «Ես պայծառատես չեմ, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ մենք ունենանք արտահերթ լուծումներ եւ այդ արտահերթ լուծումները, հուսով եմ, կունենան ընտրական տեսք։ Եթե չունենան ընտրական տեսք այդ արտահերթ լուծումները, ստիպված ուրիշ տեսք կունենան։ Ես կարծում եմ, որ հինգ տարի անց մենք այսպիսի հերթական հարցուպատասխան չենք անելու»։

Վերջում «Ժառանգության» առաջնորդը հրավիրեց բոլոր նրանց՝ «կլինեն նախկին նախագահներ, թե ընդդիմադիր ուժեր, թե այլընտրանք», ովքեր իրեն համարում են համախմբող ուժ, հավատում եւ հարգում են փետրվարի 18-ին ժողովրդի ձայնը, համոզված են, որ մայիսի 5-ին կրկին խեղվեց ժողովրդի ձայնը, մայիսի 19-ին գալ Երեւանի «Անի» հյուրանոց, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական ժողովն է անցկացնելու։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG