Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Բարեւ Երեւանի»՝ մանդատները վերցնելու որոշումը դեռ վերջնական չէ


Արխիվ –– Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում

Արխիվ –– Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ազատ եւ արդար ընտրությունների պարագայում «Բարեւ Երեւան» դաշինքը առաջին տեղում կլիներ։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ վատագույն դեպքում իր ղեկավարած կուսակցության նախաձեռնությամբ ստեղծված դաշինքը կլիներ երկրորդ տեղում եւ մյուս ընդդիմադիր ուժերը եւս քաղաքապետարանում կհայտնվեին, մինչդեռ, ըստ նրա, ընտրությունները հերթական անգամ կեղծվեցին։

«Ես կարծում եմ, որ ժողովուրդը պատրաստ է երկարատեւ պայքարի», - նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը, - «Հիմա մենք բոլորս պետք է հասկանանք, թե ուր ենք հասել եւ այնպես անենք, որ ժողովրդի հիասթափությունը, հիասթափությունը, արտագաղթը կանգ առնեն»։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդի խոսքով, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարեւ Երեւան» դաշինքի՝ մանդատները վերցնելու որոշումը դեռ վերջնական չէ։ Այս հարցով հավաքական որոշում կկայացնեն մոտ ապագայում։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ մանդատները վերցնելու դեպքում կհամագործակցե՞ն արդյոք ավագանիում մանդատների թվով երկրորդ տեղը զբաղեցրած ոչ իշխանական «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Եթե որեւէ ուժ մտնի ընդդիմության շարքերը, ֆորմալ ձեւով քաղաքական ընդդիմությունը որեւէ մեկը եթե իրեն հայտարարի, մենք կհամագործակցենք»։

Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստանը» անցած տարի կայացած խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կոալիցիայից դուրս գալուց հետո իրեն հայտարարել է այլընտրանքային քաղաքական ուժ՝ խուսափելով ընդդիմադիր ձեւակերպումից։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում կարծիք էր հայտնել, որ կուսակցությունը պետք է խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում փոխի իր քաղաքական կարգավիճակը եւ իրեն ընդդիմադիր կուսակցություն հռչակի։

Հավելենք, որ «Ժառանգություն» կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի» միջեւ հարաբերություններում, սկսած անցած խորհրդարանական ընտրություններից, որոշակի լարվածություն կա, ինչն առավել ակնհայտ դարձավ, երբ «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցել «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության ստեղծած ընտրությունների դիտարկման Միասնական շտաբի աշխատանքներին։
XS
SM
MD
LG