Մատչելիության հղումներ

Օրինջ Քաունթիում թալանել են հայկական եկեղեցու գանձապահարանը


ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Օրինջ Քաունթի բնակավայրում անհայտ անձինք, ամենայն հավանականությամբ` ոչ հայեր, թալանել են տեղի հայկական եկեղեցու գանձապահարանը` իրենց հետ տանելով շուրջ 15 հազար դոլար:

Թեեւ եկեղեցու տեսախցիկը արձանագրել է երեք կողոպտիչների դեմքերը, սակայն ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել գտնել նրանց, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Սուրբ Քառասնից Մանկանց եկեղեցուց:

Ընդունված ավանդույթի համաձայն, ամեն շաբաթ եկեղեցու կից սրահում հիմնականում հայերը հավաքվում են «բինգո» խաղալու, որի շահույթը հանձնվում է եկեղեցուն` իբրեւ բարեգործություն: Կողոպտիչները բացել են հենց այն գանձապահարանը, որտեղ դրված էր վերջին խաղից ստացված շահույթը:

Տեղի ոստիկանությունը հնարավոր է համարում այդ երեք անձանց առնչությունը նաեւ այլ գողությունների:

Ի դեպ, ավելի վաղ նույն ձեռագրով գողություն էր կատարվել նաեւ Գլենդեյլի հայկական եկեղեցուց:


Լուսինե Մուսայելյան, Լոս Անջելեսից

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG