Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը կոչ է անում վերացնել Փակ շուկայի հետ կապված ապօրինությունը


Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան ստուդիայում, արխիվ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը իր խորին մտահոգությունն է հայտնում Երեւանի Փակ շուկայի շինարարական աշխատանքների վերսկսման կապակցությամբ:

«Անընդունելի է, որ արդեն մեկ տարի է, ինչ Երեւանի հուշարձաններից մեկը ենթարկվում է փոփոխման, եւ ոչ մի իրավասու մարմին այդպես էլ չի արձագանքում այս ապօրինությանը», - ասված է օմբուդսմենի աշխատակազմի երեկ տարածած հաղորդագրությունում:

Դեռեւս տարվա սկզբին մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է Փակ շուկային վերաբերող խնդրի ուսումնասիրությունը, գրություններ են ուղարկվել Երեւանի քաղաքապետարան, Հայաստանի մշակույթի նախարարություն, քաղաքաշինության նախարարություն եւ գլխավոր դատախազություն` շինարարական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

«Ինչպես Երեւանի քաղաքապետարանից, այնպես էլ նախարարություններից ստացված պատասխան գրություններում նշվում էր, որ կատարվող վերգետնյա շինարարական աշխատանքներն ապօրինի են: Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին նաեւ, որ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊ ընկերության տնօրենը ենթարկվել է կրկնակի վարչական պատասխանատվության, իսկ շինարարական աշխատանքները դադարեցվել են: Սակայն, մայիսի 7-ին Պարոնյան 4ա հասցեի բնակիչներից կրկին ահազանգ եղավ, որ Փակ շուկայում շինարարությունը ավելի ակտիվանում է, կառուցվում է վերնահարկը», - իր հաղորդագրությունում նշում է օմբուդսմենի աշխատակազմը` պատկան մարմիններին կոչ անելով «ստուգել բնակիչների ահազանգը, ինչպես նաեւ ձեռնարկել համապատասխան միջոցներ այս ապօրինությունը վերացնելու եւ մշակութային արժեքը վերականգնելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG