Մատչելիության հղումներ

«Վրացական երազանք»-ը Վրաստանի նախագահի իր թեկնածուի անունը կհրապարակի մոտ օրերս


Բիձինա Իվանիշվիլին եւ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի միջոցառումներից մեկի ժամանակ, արխիվ

Բիձինա Իվանիշվիլին եւ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի միջոցառումներից մեկի ժամանակ, արխիվ

Թբիլիսյան աղբյուրները հավանական թեկնածուներ են համարում Իրակլի Ալասանիային եւ Կախա Կալաձեին:

Եվս մի քանի օր, եւ Բիձինա Իվանիշվիլիի կողմնակիցները պաշտոնապես կհրապարակեն աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի միասնական թեկնածուի անունը: Այս մասին երեքշաբթի օրը Բաթումիում` Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավորների հետ հանդիպման ավարտին հայտարարեց Վրաստանի վարչապետը:

Իվանիշվիլին, ի դեպ, չի պատրաստվում առաջադրվել եւ նախագահական ընտրություններից հետո եւս կշարունակի պաշտոնավարել որպես կառավարության ղեկավար:

Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների ֆոնին Բիձինա Իվանիշվիլիի այս որոշումը կարելի է օրինաչափ համարել, քանի որ երկրի հիմնական օրենքի նորացված տարբերակում նախագահի լիազորությունները զգալիորեն կրճատվել են, եւ գործադիր իշխանության հիմնական լծակները հայտնվել են հենց վարչապետի ձեռքում:

Ինչ վերաբերում է «Վրացական երազանք» դաշինքի` նախագահի հնարավոր թեկնածուներին, ապա, թբիլիսյան աղբյուրների Բիձինա Ինավիշվիլի եւ Իրակլի Ալասանիա, արխիվ

Բիձինա Ինավիշվիլի եւ Իրակլի Ալասանիա, արխիվ

փոխանցմամբ, նրանք երկուսն են` պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան եւ էներգետիկայի նախարար, իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող Կախա Կալաձեն:

Բաթումիում լրագրողների հետ զրույցի ժամանակ Իվանիշվիլին հրաժարվեց մեկնաբանել, թե իր զինակիցներից հատկապես ում է ցանկանում տեսնել Վրաստանի չորրորդ նախագահի պաշտոնի համար պայքարող միասնական թեկնածուի դերում:

«Ես իմ թեկնածուն, իմ ֆավորիտն ունեմ, սակայն անպայման չէ, որ հենց իմ նախընտրած գործիչն էլ առաջադրվի: «Վրացական երազանք»-ի կազմում ընդգրկված կուսակցությունները առաջիկա հանգստյան օրերին կխորհրդակցեն այս խնդրի շուրջ: Կարծում եմ, որ մեր միասնական թեկնածուի անունը կհրապարակվի արդեն երկուշաբթի օրը», - նշեց Վրաստանի վարչապետը:

Շրջանառվող անուններից եւս մեկը «Վրացական երազանք» դաշինքին մաս կազմող Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Վախթանգ Խմալաձեն էր, ով, սակայն, չի առաջադրվի: Այդ մասին հայտարարեց Հանրապետականի առաջնորդ, խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին: «Առաջիկա ընտրություններում նախագահի հանրապետական թեկնածու չի լինի: Սա մեր կուսակցության հստակ դիրքորոշումն է», - նշում էր Ուսուպաշվիլին:

Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիի Ազգային միացյալ շարժմանը, ապա այս կուսակցությունն իր թեկնածուի անունը կորոշի մայիսի վերջին կայանալիք ներկուսակցական ընտրությունների` փրայմերիզի միջոցով: Հավանական թեկնածուների անունները դեռ պաշտոնապես չեն հրապարակվում, սակայն դրանց հնարավոր շրջանակը բավական լայն է` նախկին վարչապետ եւ ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիից մինչեւ խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն:

Վրաստանում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն, սակայն, Սաակաշվիլիի կողմնակիցները առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու որեւէ շանս գրեթե չունեն: Ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի վերջին հետազոտության համաձայն, Վրաստանի բնակիչների 58 տոկոսը պատրաստ է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, ում կաջակցի Բիձինա Իվանիշվիլին: Ազգային միացյալ շարժման թեկնածուն վայելում է վրացիների միայն 8 տոկոսի աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG