Մատչելիության հղումներ

Քրդերը «Կալաշնիկովներով» հեռանում են Թուրքիայից


Քուրդ զինյալները թուրք-իրանական սահմանին, արխիվ

Քուրդ զինյալները թուրք-իրանական սահմանին, արխիվ

Քրդական աշխատավորական կուսակցությունը այսօրվանից սկսել է իր զինյալներին դուրս բերել Թուրքիայի տարածքից: Անսալով Թուրքիայում ցմահ բանտարկված իրենց առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչին` քուրդ գրոհայինները լեռնային ճանապարհներով շարժվում են դեպի Իրաքի հյուսիսային քրդաբնակ շրջանները:

Այս մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մարտ ամսին: Իմրալիի բանտում մի քանի ամիս շարունակված գաղտնի բանակցությունների արդյունքում Օջալանը գրոհայիններին կոչ արեց դուրս գալ Թուրքիայից:

Սա առանցքային փուլ է համարվում Թուրքիայի եւ Քրդական աշխատավորական կուսակցության միջեւ երկարամյա հակամարտությանը վերջ տալու համար: Ավելի քան երեք տասնամյակ տեւող հակամարտության արդյունքում երկու կողմից տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:

Այսօր քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշը, ով ներգրաված է կառավարության հետ բանակցություններում, «Ֆրանս պրեսին» ասել է. - «Մենք գիտենք, որ նրանք սկսել են դուրս գալ»:

Ըստ հաղորդագրությունների` Թուրքիայից դուրս են գալու մոտավորապես երկու հազար քուրդ գրոհայիններ: Նշվում է, որ գործընթացը կտեւի 3-4 ամիս, չնայած թուրքական որոշ լրատվամիջոցներ գրում են, որ արդեն մի քանի շաբաթ է շարժումը սկսվել է, պարզապես սկզբի համար մայիսի 8-ը խորհրդանշական օր է հայտարարվել. Թուրքիայից հեռացող զինյալները Իրաքի հյուսիսում կմիանան այնտեղ բազավորված եւս 5 հազար գրոհայինների հիմնական ուժերին:

Քուրդ զինյալները չնայած ենթարկվել են իրենց առաջնորդի կոչին, բայց զենքը վայր չեն դնում: Թուրքական բանակը աշխատում է վերահսկել, դիտարկման տակ պահել սկսված գործընթացը: Երեկ քուրդ գրոհայինները բողոքեցին` ասելով, թե Իրաքի սահմանին թուրքական բանակի ներկայությունը ուժեղացվել է, ինչը կարող է ձգձգել խաղաղ գործընթացն ու բախումներ սադրել:

Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների հրամանատար Մուրատ Կարայիլանը անցած ամսվա վերջին զգուշացրել էր, որ եթե իրենք հարձակման ենթարկվեն, ապա գործընթացն իսկույն կընդհատվի: Իսկ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության համանախագահ Սելահաթին Դեմիրթաշն ասել է, թե կառավարությանը չեն կասկածում, բայց վախենում են, որ «սեւ ուժերի» կողմից կարող են սադրանքներ լինեն: 1999 թվականին, երբ քուրդ զինյալները զանգվածաբար դուրս էին գալիս Թուրքիայից, թուրքական բանակը դարանակալեց ու մոտավորապես 500 գրոհայինների ոչնչացրեց:

Վերջին շրջանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը բազմիցս խոստացել է, որ հեռացող գրոհայիններին ձեռք չեն տա: Այնուամենայնիվ, Էրդողանը նշել է, որ զենքը վայր դնելը պետք է լինի Քրդական աշխատավորական կուսակցության առաջնային խնդիրը:

Իսկ զինյալների հրամանատար Կարայիլանը ապրիլին ասել էր, որ մինչ զենքից հրաժարվելը, ակնկալում են, որ Անկարան կկատարի գործընթացի իր մասը` սահմանադրական լայն իրավունքներ կշնորհի Թուրքիայի քրդերին, որոնք երկրի 75 միլիոն բնակչության 20 տոկոսն են կազմում:

Քրդերը ակնկալում են, որ խաղաղ գործընթացի երրորդ փուլում բանտերից ազատ կարձակվեն իրենց զինակիցները, այդ թվում` առաջնորդ Աբդուլա Օջալանը: Օջալանին Թուրքիայի գաղտնի ծառայությունները հայտնաբերել ու ձերբակալել էին Քենիայում 1999 թվականին: Օջալանը տեղափոխվել էր Թուրքիայի Իմրալիի կղզու խիստ ռեժիմի բանտը: Դատարանը 2002-ին մահապատժի վճիռ էր կայացրել, բայց Եվրոպայի ճնշման տակ վճիռը փոխվեց ցմահ բանտարկության:

Մարտ ամսվա իր կոչում Օջալանը ասել էր, թե հրադադարը նոր դարաշրջան կբացի քրդական շարժման համար. - «Սա պայքարի վերջը չէ, այլ մեկ ուրիշ պայքարի սկիզբ»,- հայտարարել էր քրդերի բանտարկված առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG