Մատչելիության հղումներ

Օսկանյանը կասկածում է ընտրությունների արդարությանը


Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը։

Պատգամավորը կասկածում է ընտրությունների արդարությանը, կատարվածի համար էլ, ասում է, ամաչել է պետք. - «Ինչպե՞ս բացատրեմ ես, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն անցել։ Գուցե անցել են՝ չգիտենք։ Արդյունքը լավ է, թե վատ՝ ինչպե՞ս իմանամ ես, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է այդ օրը։ ՀՀԿ-ն հաղթե՞լ է, ի՞նչ իմանանք՝ հաղթել է։ Չգիտեմ՝ վերեւները իշխանությունները, որ լծակներ ունեն, իրենք գոհ ե՞ն, ի՞նչ են մտածում, ո՞ւմ են հաղթել՝ գնացող ժողովրդի՞ն։ Իրոք, այնպիսի բաներ է եղել այդ օրը, որ ասես, որ այդ արդյունքները իրոք ժողովրդական համակրանքի, հակակրանքի արդյունք են, սխալ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ ասել՝ ամաչելու բան է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ ընտրատեղամասերում, այդ երթուղայինները մարդիկ են բերում, ծերերին ուղղորդում են, հաշվելու ժամանակ ասվում է (մարդիկ պատմում են՝ ներկա են եղել)՝ գունավոր գրիչներով նշվածները, եւ բոլորը ՀՀԿ»։

Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։

Բայց Օսկանյանի կարծիքով, ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ։

«Իհարկե, զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է մտածել, որ միգուցե պետք չէ վերցնել, բայց վերջիվերջո ժողովրդի շահերից ելնելով կարելի է մտածել, որ միգուցե այնտեղ լինելով կարելի է շարունակել այդ խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, ճնշում դնել մեծամասնության վրա, ժողովրդի հետ հաղորդակցվել», - մեկնաբանում է ԲՀԿ-ական պատգամավորը։

ԲՀԿ-ն համարաժեք կարձագանքի ստեղծված իրավիճակին ժողովրդի տված պատասխանին, հայտարարեց Օսկանյանը՝ ի պատասխան մեր այն հարցի՝ հնարավո՞ր է արդյոք, որ «Բարգավաճ Հայաստանը» բողոքի ակցիաներ նախաձեռնի։

Ընտրությունների օրերին հաղորդումներ եղան, որ իրենց օգտին քվեարկելու համար կաշառատվության գործում Հանրապետականից հետ չի մնում «Բարգավաճ Հայաստանը»։ «Չեմ լսել», - այս մասին մեր դիտարկմանը արձագանքեց Վարդան Օսկանյանը, - «Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել։ Ես որ չգիտեմ ինչ է եղել։ Եթե եղել է, դա հավասարապես դատապարտելի է»։

Մեր հարցին՝ «Բարգավաճ Հայաստանում» հակասություններ կա՞ն, նախկին արտգործնախարարը պատասխանեց՝ երբեմն փոփոխությունների գնալու հարցում դիմադրություն կա, բայց ԲՀԿ-ն լքել Օսկանյանը չի պատրաստվում, կուսակցությունում, ասաց, այլակարծության նկատմամբ մթնոլորտն առողջ է. - «Ես բավարարված եմ եւ դեռեւս իմ մոտ այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, որ սկսեմ մտածել ավելի կտրուկ քայլերի մասին։ Հուսով եմ, որ այդպիսի բան չի լինի»։

Դեռ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ Օսկանյանը կարծիք էր հայտնել, որ ԲՀԿ-ն պետք է ընդդիմություն դառնա։ Մեր հարցին՝ մտավախություն չունի՞, որ «Բարգավաճ Հայաստանի» գործարար թեւը կընդդիմանա այս որոշմանը, նախկին արտգործնախարարը պատասխանեց. - «Փաստը մնում է փաստ, որ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոր կառավարության մեջ չէ, կոալիցիայի մեջ չէ, եւ ինքնին այս փաստը, եթե երկու տարբեր ճամբարներում ես, բնականաբար նաեւ քաղաքական դաշտում երկու տարբեր բեւեռներում ես»։

Օսկանյանն այսօր էլ քննադատեց կառավարության նախկին աշխատաոճը, կարծիք հայտնելով, որ կտրուկ քայլերի է պետք գնալ. - «Բարեփոխումները, որ պետք է դրական ազդեն մյուս խնդիրների լուծման վրա, այնտեղ մեծ դիմադրություն կա, հատկապես ընտրություններից հետո, երբ մեծ փողեր են ծախսվել։ Այդ մարդիկ բնականաբար պիտի ուզենան իրենց մենաշնորհը պահել, որ այդ բոլորը հետ վերադարձնել։ Հիմա՝ կկարողանա՞ն դա հավասարակշռել այնպես, որ այդ դիմադրությունը ուղղակի ջարդեն, անցնեն առաջ եւ իրոք կարողանան լուծել ժողովրդի առաջ ծառացած խնդիրները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG