Մատչելիության հղումներ

Վճռաբեկ դատարանը չորեքշաբթի բեկանեց ընդդիմադիր ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով Վերաքննիչ դատարանի` անցյալ տարվա նոյեմբերի 13-ի վճիռը եւ գործը ուղարկեց նույն դատարան նոր քննության:

Վերաքննիչը իր այդ վճռով անփոփոխ էր թողել երիտասարդներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու` առաջին ատյանի դատարանի որոշումը, որից հետո ակտիվիստներն ու նրանց փաստաբան Վահե Գրիգորյանը վճռաբեկ բողոք ներկայացրեցին `վերաքննիչ ատյանի վճիռը բեկանելու եւ ակտիվիստներին արդարացնելու պահանջով: Վճռաբեկը փաստորեն, մասամբ բավարարեց այդ պահանջը:

Ինչպես դատավճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը, գործը նորից քննության ուղակելու Վճռաբեկի այսօրվա որոշումը երիտասարդների նկատմամբ կիրառվող խափանման միջոցի փոփոխություն չի ենթադրում: Այսինքն` Տիգրան Առաքելյանը առայժմ կմնա կալանավորված, իսկ մյուս երեք ակտիվիստների նկատմամբ կշարունակի գործել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Այստեղ բավարարվեց, ուղարկվեց լրացուցիչ քննության, մնացածը Վերաքննիչ դատարանում արդեն: Եթե անհրաժեշտություն լինի, խափանման միջոցի հարցը կքննարկվի Վերաքննիչ դատարանում, եթե ներկայացվի լրացուցիչ միջնորդություն եւ այլն», - ասաց Բաբայանը:

Դատական այսօրվա նիստին ոչ ամբաստանյալներն էին ներկա, ոչ նրանց պաշտպանական կողմը. երիտասարդները դրսում էին սպասում: Իսկ նիստին ներկաները որեւէ կերպ չարձագանքեցին դատավճռի հրապարակմանը` ոչ լավ, ոչ վատ: Խուլիգանության մեղադրանքով առաջին ատյանի դատարանի կողմից երկու տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Գեւորգյանը «աբսուրդ» գնահատեց Վճռաբեկ ատյանի որոշումը` համոզմունք հայտնելով, որ դա նորից ժամանակ շահելու եւ իրենց ճնշման տակ պահելու միտում ունի:

«Անգամ մեկ հիմքը, որով մենք բողոքարկել ենք, բավարար էր նրա համար, որ Վճռաբեկը ոչ թե բեկաներ եւ հետ ուղարկեր, այլ որոշում կայացներ ու արդարացներ, կամ ամեն դեպքում Տիգրան Առաքելյանին ազատ արձակեր, որովհետեւ այն բոլոր խախտումները, որ նրանք թույլ տվեցին դատավարության ընթացքում, առանձին-առանձին վերցրած ծանրակշիռ խախտումներ են, թե մեզ վերջին խոսքի իրավունքից զրկելը, թե վկայի վերջին հարցազրույցը, ով խոստովանում է, որ սուտ ցուցմունք է տվել», - ասաց նա:

Վերաքննիչ դատարանը այս գործով վճիռ էր կայացրել առանց ամբաստանյալների վերջին խոսքն ու նրանց պաշտպանների ճառը լսելու, քանի որ տղաներից երեքը ավելի վաղ դուրս էին հրավիրվել դահլիճից` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հիմնավորմամբ, իսկ Արտակ Կարապետյանն ու նրա փաստաբանը պատրաստ չէին այդպես հապճեպ խոսք ասել: Մյուսներն էլ դուրս էին հրավիրվել այն բանից հետո, երբ դատարանը մերժել էր առանցքային եւ գործի համար կարեւոր վկաներին դատարանում հարցաքննելու նրանց միջնորդությունները, եւ դատական նիստը վերածվել էր «ամոթ», «ստրուկներ» եւ նմանատիպ վանկարկումներով բողոքի ակցիայի:

Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ գործը նոր քննության վերադարձնելու վճռով Վճռաբեկը նաեւ վերաքննիչ ատյանին հնարավորություն տվեց ուղղելի իր այս եւ այլ կոպիտ սխալները, հակառակ դեպքում այս փաստերը նախ հիմք կդառնային Եվրադատարանում Հայաստանի պարտության համար, եւ երկրորդ` կտուժեր Հայաստանի միջազգային հեղինակությունը:

«Վերջապես գոնե մի դատական ատյան արդարադատության սկզբունքներից ելնելով գործեց ու բեկանեց Վերաքննիչ դատարանի նոյեմբերի 13-ի խայտառակ որոշումը: Զուտ իրավական առումով դեռ ծանոթ չենք Վճռաբեկ դատարանի պարզաբանումներին, որպեսզի իրավական վերլուծություն կատարենք եւ հասկանանք, թե ինչ հիմքերով է բեկանել, բայց առնվազն այն փաստը, որ այդ խայտառակ դատավարության խայտառակ որոշումներից մեկը` Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվել է, արդեն դրականորեն պետք է գնահատել: Հուսանք, որ այն հիմքերը, որը Վճռաբեկ դատարանը առաջ կքաշի որոշման մեջ, այս անգամ Վերաքննիչ դատարանը չի շրջանցի: Արդյունքում կստանանք այն, ինչ ցանկանում ենք` արդարացման դատավճիռ», - ասաց Խաչատրյանը:

Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Վճռաբեկի վճիռը համարում է քաղաքական որոշում Սերժ Սարգսյանի հրահանգով` միաժամանակ հույսեր չկապելով դրա հետ:

«Ռեժիմը եթե անգամ ինչ-որ բան անում է անգամ, անում է քաղաքական հաշվարկներից ելնելով», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը. - «Նրանք հասկանում են, որ Տիգրան Առաքելյանի գործի շուրջ ստեղծված է բավականին մեծ ճնշում, արդեն ԵԽԽՎ-ում նրանք որակվում են որպես քաղաքական բանտարկյալներ, ուստի իշխանությունները փորձում են ինչ-որ ձեւով ազատվել այդ որակումներից: Դրանով կարելի է բացատրել այն, որ Սերժ Սարգսյանը որոշում է ընդունել, այնուամենայնիվ, վերաքննել այդ հարցը: Կարող էին հիմիկվանից քրեական հետապնդումը դադարեցնելու վճիռ կայացնել, բայց նորից հետաձգում են, որովհետեւ նպատակն է` դամոկլեսյան սուրը պահել մեր երիտասարդների գլխին, միշտ վտանգը պահել»:

«Իբր մի քայլ արեցին, որը համարում են դրական, բայց ես որեւէ ակնկալիք չունեմ, մենք իրենցից ստանալու բան չունենք, մենք անելու ենք մեր գործը, շարունակելու ենք միջազգային տարբեր ատյաններում պայքարել տղաների ազատության համար», - եզրափակեց ՀԱԿ փոխնախագահը:
XS
SM
MD
LG