Մատչելիության հղումներ

Մայիսի 8-ի մամուլ


Արձագանքելով կառավարության նոր կազմի հրապարակմանը` «Ժամանակ»-ը գրում է. - « Նորը այս դեպքում, մեղմ ասած, խիստ հարաբերական հասկացություն է, որովհետեւ նոր կառավարությունում հին եւ շատ հին դեմքեր են, ուրիշ ոչինչ: Սակայն, ըստ էության, նոր դեմքերը կամ անունները ինքնին ոչինչ չէին նշանակելու: Կարող էր, իհարկե, Սերժ Սարգսյանը նշանակել նոր դեմքերի, կլինեին նոր անուններ, այդ անունների շուրջ կլինեին քննարկումներ, պատրանքներ եւ այլն: Սակայն պարզ է, որ այդ ամենը ոչինչ չի նշանակում այն բանի համեմատ, թե ինչ է ուզում անել Սերժ Սարգսյանը եւ ինչ կարող է անել: Մի բան պարզ է՝ Սերժ Սարգսյանն առայժմ կարողանում է հաջողությամբ կեղծել ընտրություններն ու ստանալ ավելի ու ավելի մեծ արդյունքներ եւ այս ամենի դիմաց ավելի ու ավելի քիչ դիմադրող քաղաքական դաշտ»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Թե ինչու է ՀՀ քաղաքացին այդքան մեծ հույսեր կապում անձերի, մանավանդ նախարարների անձի հետ, պարզ չէ, բայց անգամ այդ գործընթացի նկատմամբ լիարժեք անտարբերություն ցուցաբերող մարդիկ երեկ կարկամած էին: Եթե հակիրճ ձեւակերպենք այդ տարակուսանքը, ապա պետք է նկատենք, որ կառավարության մաֆիոզ եւ փոփոխության ենթակա մասը մնաց, իսկ քիչ թե շատ մնալու ենթակա նախարարները հեռացան: Սա խոսում է մի բանի մասին, որ հասարակական կարծիքն այս երկրում ոչինչ չարժե: Երբ որոշ ոլորտներից տեւականորեն դժգոհություններ են հնչում, եւ տվյալ նախարարները, որոնք վատից բացի որեւէ լավ բանով աչքի չեն ընկել, չեն փոխվում, կնշանակի՝ նախարար նշանակելու հարցում բոլորովին այլ՝ մեզ անհասկանալի սկզբունքներ են գործում»:

«Հայոց աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները հերթական անգամ առիթ տվեցին հայրենի «վերլուծաբաններին» խորիմաստ եզրահանգումներ անելու ընդդիմության վախճանի մասին։ Ընդհանրապես ես կասկածանքով եմ վերաբերվում «իշխանությունը հոգեվարքի մեջ է» կամ «ընդդիմությունը մեռած է» կարգի հայտարարություններին։ Այս զարմանահրաշ երկրում կյանքի բազմամյա փորձը թերահավատ է դարձրել ինձ ցանկացած կարգի մահախոսականների նկատմամբ։ Ոչ ոք քաղաքական դաշտում շահագրգռված չէ մեկ ուրիշի լիակատար ոչնչացմամբ։ Դա նույնն է, ինչ կենդանական աշխարհում, որտեղ խժռողների եւ խժռվողների «պայքարը» երբեք չի հանգեցնում գիշատչի կողմից զոհի լիակատար ոչնչացմանը։ Նրանց միջեւ միշտ հաստատվում է որոշակի հավասարակշռություն, որը, եթե խոսենք ընդհանրապես տեսակների մասին, երկուսի համար էլ միանգամայն հանդուրժելի է։ Այլ բան է, որ քաղաքական դաշտում ընթանում է մշտական պայքար եւ հարվածների փոխանակում։ Բայց այդպես էլ պետք է լինի։ Ֆիզիկայի օրենքն այն մասին, որ ազդեցության ուժը միշտ հավասար է հակազդեցության ուժին, նույնն է նաեւ քաղաքական կյանքի համար»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հիմա արդեն կարելի է երեւի վերջնականապես արձանագրել, որ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ: Անկախության 22 տարիների ընթացքում նման բան տեղի չի ունեցել, ու դատելով վերջին երեք ընտրություններից` տեղի չի ունենա նաեւ տեսանելի ապագայում: Այստեղ մեղավոր են եւ իշխանությունները, որոնք հնարավոր բոլոր ձեւերով կեղծում են ընտրությունների արդյունքները, զանգվածաբար կաշառում են ընտրողներին եւ այլն, եւ ընդդիմադիր ուժերը, որոնք չեն կարողանում ընտրողներին համոզել, որ չի կարելի կաշառք վերցնել, եւ իրենք` կաշառք վերցնողները, բայց տվյալ դեպքում խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ եթե ամեն ինչ շարունակվելու է այսպես, ավելի ճիշտ կլինի Հայաստանում ընդհանրապես վերացնել ընտրությունները»:

«Օրակարգ»-ի տնտեսական մեկնաբանը գրում է. - «Համաշխարհային շուկայում այս տարվա առաջին եռամսյակում 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ շաքարավազի միջին գնի 34 տոկոսի եւ ներկրված շաքարավազի մաքսային արժեքի 35.6 տոկոսի նվազման պայմաններում ներքին շուկայում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, ապրանքատեսակն էժանացել է 10.7 տոկոսով: Եթե անգամ հաշվի առնենք դրամի 5.5 տոկոսի արժեզրկման գործոնը, միեւնույն է ներքին շուկայում գների դինամիկան չի արտացոլում արտաքին պայմանների փոփոխությունը: ԱՎԾ-ի տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 22.4 հազար տոննա շաքարավազ, բայց ընկերության վճարած հարկերի ծավալը շատ ավելի քիչ է եղել»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG