Մատչելիության հղումներ

logo-print

Խաչատուր Սուքիասյան. «Ես չգիտեմ, քաղաքական այդ որոշումը այդքան արժե՞ր»


Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Հրայր Թամրազյան. - Դուք, ինչ-որ իմաստով, Հայաստանի առաջին օլիգարխն եք, կարո՞ղ ենք այդպես ասել: Թե՞ Դուք դեմ եք այս ձեւակերպմանը:

Խաչատուր Սուքիասյան. - Ես դեմ չեմ` նայած ինչպես եք Դուք պատկերացնում օլիգարխը: Բայց մի բան եմ ուզում ասել. այդ ժամանակ խնդիրներ շատ կային Հայաստանի Հանրապետությունում` նոր էր անկախացել, շրջափակում կար, պատերազմական ժամանակահատված էր: Այդ ժամանակվա օլիգարխ ասվածը անհասկանալի է ինչ էր նշանակում, որովհետեւ քաղաքական համակարգը այնպիսին էր` քաոսային վիճակ էր: Իրենց մոտ կար տպավորութուն, որ մենք հնարավորություն ունեցող ընտանիք ենք, հարյուր կողմից հարվածներ էինք ստանում, ճնշումներ կային մեր վրա` փամփուշտի համար, չգիտեմ ինչի համար... պարզ է, հասկանում ես, որ նոր իշխանություն է...

Հրայր Թամրազյան. - Մենք հիշում ենք, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, առաջին անկախ այդ կառավարությունը հրաժարական տվեց, տեղի ունեցավ առաջին իշխանափոխությունը, Ձեր դիրքերը նույնպես թուլացան, որովհետեւ այն ժամանակ նույնիսկ թերթերում գրում էին, որ Խաչատուր Սուքիասյանը կարող է լքել երկիրը:

Խաչատուր Սուքիասյան. - Ես Ձեզ ասեմ ինչպես է եղել. ոչ թե գրել են կարող է լքել, այլ ես եղել եմ Փարիզում: Ռոբերտ Քոչարյանը, երբ եկավ վարչապետ, ինձ զանգահարեց Ալիկ Հարությունյանը, ասաց, որ մենք ճշտել ենք` դուք ոչ մի խնդիր չունեք, դու ազատ ես, Հայաստանում կարող ես գալ գործել եւ պահանջում ենք, որ վերադառնաս: Վերադարձա Հայաստան:

Հրայր Թամրազյան. - Այնուամենայնիվ, Ձեզ ի՞նչը դրդեց, որ 2008 թվականին Դուք կանգնեցիք Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին հարթակում: Եթե Ձեզ չեն խանգարել ոչնչով, չեն խոչընդոտել, ապա ինչո՞ւ գնացիք եւ Տեր-Պետրոսյանի կողքին կանգնեցիք, ինչի՞ց էիք դժգոհ:

Խաչատուր Սուքիասյան. - Որովհետեւ ես ունեմ իմ տեսլականը` ինչ կարգի երկիր պետք է ունենանք: Ասում էին` տասը տարի հետո պետք է Սինգապուրին մոտ լինենք, հետո ես հասկացա, որ առանց հակակշռի հնարավոր չէ, առանց հակակշիռ քաղաքական համակարգի եւ առանց մրցակից տնտեսական համակարգի հնարավոր չէ:

Հրայր Թամրազյան. - Կարծում եք` երկրորդ նախագահի կամ այդ վարչակազմի համար դա հարվա՞ծ էր, երբ Դուք հայտնվեցիք ընդդիմության կողքին:

Խաչատուր Սուքիասյան. - Ես չգիտեմ, իրենք պետք է գնահատեն: Ես ընդհանրապես հիմա ավելի զգույշ եմ` Գերմանիայի Դաշնությունում եմ: Իրենք կարող են ասել:

Հրայր Թամրազյան. - Դուք փաստորեն թաքնվեցիք, երկար ժամանակ չկայիք` 18 ամիս, եւ իրավապահ մարմինները որոնում էին Ձեզ: Խնդրում ենք Ձեզ պատմել` ի՞նչ եք արել, այդ թաքնված օրերին որտե՞ղ եք եղել:

Խաչատուր Սուքիասյան. - Ուսումնասիրում էի:

Հրայր Թամրազյան. - Իսկ կարո՞ղ եք ասել որտեղ եք եղել:

Խաչատուր Սուքիասյան. - Ոչ, չեմ ասի: Կարող է նորից պետք լինի էլի թաքնվել (ծիծաղում է):

Հրայր Թամրազյան. - Դուք համաձա՞յն եք վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակման որոշման հետ:

Խաչատուր Սուքիասյան. - Տիգրան Սարգսյանի պես դպրոց, փորձ, այդ կարգի ինստիտուտներում պաշտոն ունեցած մարդ չկա: Շատ լուրջ փորձ ունի այս երկրում: Այս երկրի ամեն մի հատվածից տեղյակ է: Հիմա պարզ է` ճգնաժամի տարիները ընկավ, բայց ինքը բարեփոխիչ է` բոլորս լավ գիտենք, ինքը լավ տիրապետում է:

Հրայր Թամրազյանը. - Այդ դեպքում ինչո՞ւ չի բարեփոխում:

Խաչատուր Սուքիասյան. - Ես կարծում եմ քաղաքական համակարգից է, իր անձից չէ:

Հրայր Թամրազյան. - Տնտեսագիտության մեջ սեփականության անձեռնմխելիությունը համարվում է սրբության սրբոց: Դառնանք Ձեր դեպքին` «Բջնին» Ձեր ձեռքից վերցրեցին եւ տվեցին մեկ ուրիշին: Այսպես կարելի՞ է ասել:

Խաչատուր Սուքիասյան. - Այո: «Բջնիում» մոտավորապես հազարից ավելի մարդ է աշխատել ժամանակին: Հիմա ես չգիտեմ, քաղաքական այդ որոշումը այդքան արժե՞ր, որ «Բջնիին» այդքան վնաս տրվեց կամ մեզ: Դրանով, ես կարծում եմ, մնացածին էին զսպում` մնացած տնտեսվարողներ սուբյեկտներին: Մի բան ասեմ` հարյուր տարի էլ անցնի, դա չմարսվող գործողություն է:

Հրայր Թամրազյան. - Դուք երբեւէ կփորձե՞ք դա օրինական կարգով վիճարկել:

Խաչատուր Սուքիասյան. - Վիճարկում ենք, գործընթացի մեջ է, եվրոպական դատարաններում է:

Հրայր Թամրազյան. - Ձեզ համարո՞ւմ եք անկախ գործարար:

Խաչատուր Սուքիասյան. - Եթե ուզում եք ասեմ, որ ոչ մեկից կախված չեմ գործողությունների առումով` այո: Բայց քանի որ ցանկացած պետությունում ցանկացած չինովնիկ, ցանկացած ֆունկցիոներ կարող է այլ ձեւով իրեն դրսեւորել, դու արդեն կախված ես:

Հրայր Թամրազյան. - Պարոն Սուքիասյան, Դուք նորից դառնալո՞ւ եք այն Սուքիասյանը, որ կար մինչեւ 2008 թվականը` ակտիվ քաղաքականության մեջ:

Խաչատուր Սուքիասյան. - Բայց ի՞նչ է եղել, ե՛ւ քաղաքական ակտիվ եմ լինելու, ե՛ւ տնտեսական ակտիվ եմ լինելու, նոր ծրագրեր եմ իրականցնելու: Ազգային ժողովում կարող է արդեն համարեմ պետք չէ այդքան ժամանակ ծախսել, բայց ակտիվ եմ լինելու, տնտեսական նոր ծրագրեր եմ իրականացնելու:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG