Մատչելիության հղումներ

Հարուցվել է 6-րդ քրեական գործը` կրկնակի քվեարկության փորձի հատկանիշներով


Ոստիկանությունը հայտարարում է, որ Երեւանի ավագանու ընտրությունների ընտրախախտումների առնչությամբ հարուցվել է վեցերորդ քրեական գործը:

«Մայիսի 5-ին, ժամը 20:20-ին, ոստիկանության աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 14:00-ի սահմաններում, իրեն է մոտեցել Ս. Շահումյանի անվան 1-ին դպրոցում տեղակայված թիվ 9/17 տեղամասի նախագահը, մատնացույց անելով Էդգար Ե.-ին` հայտնել է, որ վերջինս փորձել է կրկին անգամ կատարել քվեարկություն: Էդգար Ե.-ն բացատրությամբ հայտնել է, որ երկրորդ անգամ փորձել է քվեարկել` հանձնաժողովի անդամների զգոնությունը փորձելու համար», - փոխանցում է ոստիկանության պաշտոնական կայքէջը:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ հարուցված 5 քրեական գործերը եւս հարուցվել էին կրկնակի քվեարկության փորձ կատարելու հատկանիշներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG