Մատչելիության հղումներ

Հայաստանում է Մոնտենեգրոյի փոխվարչապետը


2006-ին անկախացած Չեռնոգորիայի` Մոնտենեգրոյի հանրապետությունից, այսօր առաջին անգամ բարձրաստիճան պաշտոնյա է այցելում Հայաստան:

Մոնտենեգրոյի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը Հայաստանում է Էդվարդ Նալբանդյանի հրավերով: Նրանք այսօր բանակցել են, քննարկումներ անցկացրել իրավապայմանագրային դաշտի ստեղծման, քաղաքական երկխոսության ակտիվացման, հարաբերությունների սերտացման հարցերի շուրջ:

«Քննարկեցինք մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերի մասին: Պարոն Լուկշիչը ինձ տեղեկացրեց Բալկաններում զարգացումների վերաբերյա», - Մոնտենեգրոյի իր պաշտոնակցի հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանն ու Մոնտենեգրոն բարեկամական հարաբերություններ ունեն, բայց մենք պայմանավորվել ենք սերտացնել մեր հարաբերությունները գիտության, մշակույթի, տնտեսության ոլորտներում», - ասում է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչը. - «Մենք կենտրոնացանք հատկապես տնտեսական համագործակցության վրա: Քննարկել ենք տնտեսական համագործակցությանը, ներդրումների պաշտպանությանն ուղղված երկկողմ համաձայնագրի ստորագրումը: Մենք պայմանավորվել ենք նաեւ սերտացնել հարաբերությունները զբոսաշրջոaւթյան ոլորտում եւ այս առումով շատ կարեւոր է խրախուսել նախարարություններին, տուրօպերատորներին, ավիաընկերություններին երկու երկրների միջեւ չարտերային թռիչքների անցկացման համար: Մենք մեր կողմից ամառվա ամիսների համար կգործարկենք վիզայի դյուրացված ռեժիմ` երկկողմ զբոսաշրջությունը խրախուսելու նպատակով»:

Նշենք, որ Մոնտենեգրոն ԵՄ եւ ՆԱՏՕ-ի անդամակցության թեկնածու երկիր է, եւ Իգոր Լուկշիչը շնորհավորեց Նալբանդյանին նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առիթով, որ Հայաստանը կստանձնի այս տարվա մայիսից 6 ամիս ժամկետով:

Այսօր Չեռնոգորիայի փոխվարչապետը հանդիպում է նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG