Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին հույս ունի, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասը կմիավորվի


Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները, արխիվ

Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահները, արխիվ

Այդ միության կազմում նա առաջին հերթին տեսնում է Վրաստանը եւ Ադրբեջանը:

Շուրջ 6 տասնյակ երկրների նախկին ղեկավարների եւ առաջնորդների միավորող Մադրիդյան ակումբը մայիսի 6-ից 8-ը հարավկովկասյան ֆորում է անցկացնում Բաքվում, որի ընթացքում քննարկվելու են ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության զարգացման հարցեր:

Ֆորումին մասնակցում են Մադրիդյան ակումբի անդամներից տասներկուսը, այդ թվում` Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը, Հորդանանի թագուհի Նուր Ալ Հուսեյնը, Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը, Լատվայի, Ֆինլադիայի, Ռումինիայի նախկին նախագահները, Նիդերլանդների նախկին վարչապետը:

Բաքվում է նաեւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին տիկնոջ հետ:

Այսօր կայացել է Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում կարեւորվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը:

Ֆորումի ընթացքում, ըստ «Ապա» գործակալության Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի հարյուր հազարավոր քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները, քանի որ դրանք այլեւս իրենց չեն պատկանում որոշ քաղաքական պատճառներով, այդ ամենը մեծ ուժերի խաղերն են, հայտարարել է Սաակաշվիլին: Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում Հարավային Կովկասը միավորված տարածաշրջան կդառնա, եւ որ հեռանկարում Հայաստանը եւս կարող է այդ միության մաս կազմել, քանի որ Հայաստանին անհրաժեշտ են կապեր իր հարեւանների հետ, այն չի կարող մեկուսացած մնալ;

«Վստահ եմ, որ մենք կարող ենք ինտեգրել Հայաստանը ընդհանուր կայունության այդ գոտի, սակայն դա պետք է տեղի ունենա որպես քաղաքական ազատականացման գործընթացի մի մաս, այլ ոչ թե պարզապես Վրաստանի հետ երկաթգծի բացման եւ մեզ համար ռազմավարական Կարս-Ախալքալաք նախագծին միանալու հաշվին», - նաեւ ասել է Սաակաշվիլին:

Ֆորումի բացմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ իր խոսքում անդրադարձել է նաեւ Ղարաբաղի հակամարտությանը: Ալիեւը շեշտել է իրենց պետության տեսակետը, որ Ղարաբաղն ու հարակից 7 տարածքները Հայաստանի կողմից օկուպացված են եւ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգ է ներկայացնում ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի համար:

Իր ելույթում Իլհամ Ալեւը խոսել է նաեւ տնտեսության, էներգետիկայի, կրթության ոլորտներում իրենց ձեռքբերումների մասին, նշել է, որ մեծ տեղ են հատկացնում նավթարդյունաբերությանը, փորձում են դիվերսիֆիկացնել տնտեսությունը, արդեն առաջին արբանյակն են ուղարկել տիեզերք եւ իր խոսքը եզրափակել է հայտարարելով, թե Ժողովրդավարության զարգացումը առաջնահերթություն է Ադրբեջանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG