Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններին եւս ընտրատեղամասերը հարմարեցված չեն եղել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար:

«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ չնայած ունի տեղաշարժման խնդիր, սակայն անձամբ մասնակցել է ընտրություններին, քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 44 հանրակրթական դպրոցում տեղակայված ընտրատեղամասում: Բաթոյանը փաստում է, որ այս անգամ էլ ընտրատեղամասերը մատչելի չեն եղել:

Բաթոյանը պատմում է, որ կանչել է հանձնաժողովի նախագահին ու տեղեկացրել խնդրի մասին, նախագահն էլ պատասխանել է, որ այստեղ է իրեն օգնելու համար:

«Ես պատասխան հարց եմ տալիս` «բայց ես ուզո՞ւմ եմ, որ դուք ինձ գրկեք, բարձրացնեք», որովհետեւ իմ իրավունքն է ինքնուրույն բարձրանալ, եւ որեւէ մեկից չեմ ուզում օգնություն խնդրել եւ չեմ ուզում, որ որեւէ մեկը ինձ գրկի, օգնի, բարձրացնի, որովհետեւ ես իր չեմ, ես մարդ եմ, քաղաքացի եմ եւ ունեմ բոլորին հավասար իրավունք, ինձ միայն փոքրիկ թեքահարթակ է հարկավոր»,- նշեց Բաթոյանը:

Բաթոյանի խոսքով` կան մի քանի ընտրատեղամասեր, որոնք ապահովված են թեքահարթակներով, սակայն դրանք էլ կիրառելու համար պիտանի չեն:

Տեղաշարժման խնդիրներ ունեցող Մարիամն էլ ասում է, որ երբեք ընտրություններին չի մասնակցել, որովհետեւ համապատասխան պայմաններ չեն եղել: Ընտրատեղամասը, որտեղ նա ընտրում է, գտնվում է թիվ 91 դպրոցում, աստիճանները շատ են ու թեքահարթակ էլ չկա, օգնողներն էլ դժվարանում են այդքան աստիճաններն իրեն բարձրացնել:

«Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդգծեց, որ վիճակը նույն էր թե խորհրդարանական, թե նախագահական, եւ թե ավագանու ընտրությունների ժամանակ:

«Երեւանում ունենք ընդամենը 7 տոկոս մատչելիություն, տեղամասերի 93 տոկոսը անմատչելի է: Բավական թվով սայլակով տեղաշարժվող հաշմանդամ անձինք զրկված են ընտրական իրավունքից, իսկ որեւէ միջոցառում, հատուկ մատչելիության ավագանու ընտրությունների ժամանակ չի արվել, չնայած կուսակցությունները անընդհատ փորձում էին հանդիպել հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների հետ, փորձում էին ցույց տալ, որ բավականին քաջատեղյակ են, բայց դրանք ընդամենը հանդիպումներ էին, որոնք լցված էին խոստումներով: Մենք ունենք այն, ինչ ունենք, որեւէ փոփոխության չի ենթարկվել մեկ տարի առաջ տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններից», - ասում է Օհանյանը:

Այսօր Հայաստանում ընտրող հաշմանդամների թիվը հասնում է մոտ 165 հազարի, որը կազմում է ընդհանուր ընտրողների 6 տոկոսը: Օհանյանը շեշտում է, որ հաշմանդամություն ունեցողները պասիվ ընտրողներ չեն, ուղղակի պայմանները ընտրություններին մասնակցելու համար մատչելի չեն:

Ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 5-րդ կետը հստակ սահմանում է, որ ընտրատեղամասերի մատչելիության պատասխանատվությունը դրված է տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

Օհանյանը նշում է, որ իրենք դեռ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ պատկան մարմինների հետ հանդիպումներ ունեցել են, իսկ նրանց պատասխանել են, թե նման մատչելիություն ապահովելու համար բավարար ֆինանսական ռեսուրսներ չունեն:

«Որոշ տեղական ինքնակառավարման մարմիններ արել են, բայց մատների վրա կարելի է հաշվել էդ քանակը: Ընդհանուր առմամբ մենք բավականին վատ թիվ ունենք մատչելիության, ամբողջ հանրապետությունում դա մոտ 20-22 տոկոս մատչելիություն է, մնացած տեղամասերը անմատչելի են, իսկ Երեւանում տոկոսը ավելի ցածր է», - ասում է Օհանյանը:
XS
SM
MD
LG