Մատչելիության հղումներ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց Արտակ Նազարյանի մահվան գործով դատավճիռը:

30-ամյա սպա Արտակ Նազարյանը մահացել է Տավուշի մարզի զորամասերից մեկի դիրքերում 2010 թվականի հուլիսի 27-ին: Սպային ինքնասպանության հասցնելու համար մեղադրվում էին նրա հինգ ծառայակիցները։

Հինգ ամբաստանյալներից Հակոբ Մանուկյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, Վահագն Հայրապետյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Մխիթար Մխիթարյանը` չորսական տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանը երեք տարվա ազատազրկման, սակայն վերջինիս նկատմամբ կիրառվեց համաներում եւ նա ազատ արձակվեց:

Ամբաստանյալների հարազատները վճռի հրապարակումից հետո սկսեցին բղավել, դժգոհել, որ չափազանց խիստ պատիժներ են սահմանվել, իսկ դատավոր Սամվել Մարդանյանին մեղադրեցին պատվեր կատարելու մեջ:

Նշենք, որ տուժող կողմից դատավճռի հրապարակմանը ոչ ոք ներկա չէր: Վճռի հրապարակումից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Արտակ Նազարյանի քույրը` Ծովինար Նազարյանը, հայտարարեց, որ տուժող կողմը եւս դատարանի վճռի հետ համաձայն չէ, քանի որ ի սկզբանե ասել են, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն: Նազարյանը նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան:
XS
SM
MD
LG