Մատչելիության հղումներ

logo-print

Այսօր վերահաշվարկ է սկսվել Երեւանի բոլոր ընտրատարածքներում:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել Երեւանի ավագանու ընտրություններում նախնական արդյունքներով երրորդ տեղը զբաղեցրած «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն ու ավագանու կազմ չանցած Հայ ազգային կոնգրես կուսակցությունը:

Ընդհանուր առմամբ, վերահաշվարկվում են 13 ընտրատարածքների շուրջ 160 ընտրատեղամասերի քվեները:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի պահանջով այսօր, մասնավորապես, վերահաշվարկ կատարվեց Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանները ներառող թիվ 11 ընտրատարածքում:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ընտրացուցակի երկրորդ տեղը զբաղեցնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը, ստուգելով թիվ 11/02 ընտրատեղամասի ընտրացուցակները, կասկածելի համարեց երկու ընտրողների քվեարկությունը: Մինչեւ քվեարկությունը ուսումնասիրելով ընտրացուցակները` դաշինքը պարզել է, որ այդ տեղամասից 21 ընտրող հանրապետությունից բացակայում է: Բախշյանի ստուգման արդյունքում պարզվեց, որ այդ բացակա ընտրողներից 2-ի անվան դիմաց ընտրացուցակում նշում կա քվեարկությանը մասնակցելու մասին:

Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փարատեց երկու ընտրողների քվեարկության վերաբերյալ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի հնչեցրած կասկածները: ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք այսօրվա ընթացքում հայտնաբերել են կասկածելի թվացող ընտրողներին: Հարությունյանը նշեց, որ նրանք քվեարկության օրը Հայաստանում են եղել:

Թիվ 11/02 ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ պարզվեց, որ հանձնաժողովը Հայ հեղափոխական դաշնակցության օգտին քվեարկված երկու քվեաթերթիկ հաշվել է ՀԱԿ-ի օգտին: Թիվ 11 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարեն Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ հանձնաժողովի անդամները պարզապես սխալվել են` հոգնած են եղել:

Թիվ 11/01 ընտրատեղամասի վերահաշվարկի ժամանակ պարզվեց, որ չօգտագործված քվեաթերթիկներից մեկը չկա: Բախշյանն առաջարկեց արձանագրություն կազմել:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի խոսնակ Դավիթ Սանասարյանն այսօր մասնակցել է Նուբարաշեն վարչական շրջանը ներառող թիվ 13 ընտրատարածքի 34 եւ 35 ընտրատեղամասերում քվեների վերահաշվարկին: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա, մասնավորապես, նշեց, որ որոշակի հասցեներ է առանձնացրել, որոնք ստուգելու են. - «Կասկած կա, որ այդ մարդիկ այստեղ չեն, փորձելու ենք պարզել, տեսնել»:

Սանասարյանն ասում է, որ ընտրացուցակների հետ կապված կասկածների վերաբերյալ ոստիկանություն, ամենայն հավանականությամբ, կդիմեն վերահաշվարկի ավարտից հետո:

«Բարեւ Երեւան» դաշինքում դեռեւս չեն շտապում գնահատել վերահաշվարկի առաջին օրվա ընթացքում պարզած թերությունները: Նա նշում է, որ գոնե այսօր կոպիտ խախտումներ չեն հայտնաբերել, թեեւ մի շարք անճշտություններ ու թերություններ եղել են:

«Ընդհանուր առմամբ, բացելով պարկերը, երկու տեղամասերում էլ պակասեցին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի մի քանի ձայներ: Քվեարկության ժամանակ չափից ավելի բարեխիղճ էին եղել, ասենք` կլոր արածը համարել էին վավեր: Շատ չէր, երկուսն իրար հետ մի տասը հատ էր»,- մանրամասնում է Սանասարյանը` որպես օրինակ բերելով թիվ 13 ընտրատարածքի երկու ընտրատեղամասերը:
XS
SM
MD
LG