Մատչելիության հղումներ

logo-print
Մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների առնչությամբ ոստիկանությունը այս պահի դրությամբ քննարկել կան քննարկում է 140-ից ավելի դեպքեր:

Հիմնականում թեժ գծի միջոցով ստացված տեղեկատվության համաձայն 143 դեպքերից առաջին տեղում ընտրակաշառքն է, երկրորդ ամենահաճախակի հանդիպող խախտումների խմբում են ընտրացուցակի անճշտությունները, վիճաբանություն, կուտակումներ ընտրատեղամասի մոտ, ընտրողների փոխադրում եւ այլն: Ամենաշատ խախտումները արձանագրվել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, իսկ ամենաքիչը` Կենտրոնում:

Այս պահի դրությամբ ոստիկանությունում հարցուվել է արդեն 5 քրեական գործ, որոնք բոլորն էլ կրկնակի քվեարկության փորձ կատարելու հատկանիշներով են հարուցվել: Ոստիկանության հաղորդագրությունում նշված է որ մեկ դեպքում քաղաքացին փորձել է քվեարկել Հայ ազգային կոնգրեսի, իսկ մյուս դեպքում «Բարգավաճ Հայաստանի» օգտին: Մյուս երեք դեպքերում ոստիկանությունը չի նշել, թե ում օգտին է քվեարկած եղել քվեաթերթիկում:

Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն ոստիկանությունը օրվա ընթացքում այդպես էլ չտրամադրեց, մինչդեռ երեկ երբ այս հատկանիշներով դեռ 3 քրեական գործ էր հարցուվել, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը ասաց, որ բազմակի քվեարկության դեպքերից մեկում քվեաթերթիկում նշած է եղել ՀԱԿ-ի, իսկ մյուս երկուսը կարծես ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի օգտին:

ՀԱԿ-ից այս դեպքի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են, որ դա ընդամենը սադրանք էր, ինչը կանխել են հենց ՀԱԿ-ի ակտիվիստները, մինչդեռ Հունան Պողոսյանը ասաց, որ դեպքը կանխել են հանձնաժողովի անդամները, որից հետո էլ հայտնել են ոստիկանությանը:

«Ազատություն» ռադիոկայանը հետաքրքրվեց նաեւ, թե արդյոք ոստիկանությունը հետեւո՞ւմ է համացանցում տարածված ընտրախախտումների մասին տեսանյութերին, եւ պատրաստվում են արդյոք արձագանքել այս հաղորդումներին: Հունան Պողոսյանի խոսքով շատ դեպքերում ամեն ինչ ուռճացվում է, բայց իրենք փորձում են ամեն ինչ ստուգել:

Այսօր ոստիկանությունը վարչական պատասխանատվության է ենթարկել 16 անձանց: Պատճառը ընտրական օրվա գիշերային ժամերին մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրավառություններ կազմակերպելն է եղել, ինչի արդյունքում խախտվել է բնակիչների հանգիստն ու անդորրը: Ի դեպ ոստիկանությունից փոխանցեցին , որ ընտրախախտումների մասին թվերը դեռեւս նախնական են, եւ ժամանակի ընթացքում կարող են ավելանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG