Մատչելիության հղումներ

Սիրիան սպառնում է ռմբակոծել Իսրայելի տարածքը


ՆԱՏՕ-ն տվյալներ չունի այն մասին՝ հրթիռակոծե՞լ է արդյոք Իսրայելը Սիրիայի տարածքը, թե՞ ոչ։ Այդ մասին այսօր հայտարարել էՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, նշելով, թե տեղեկությունը ստացել է մամուլից, իսկ ՆԱՏՕ-ն այդ տեղեկատվությունը հաստատող փաստեր չունի:

Ռասմուսենը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի հետեւել իրավիճակին:

Սիրիայի իշխանությունները պնդում են, որ կիրակի գիշերը Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի մերձակայքում գտնվող գիտահետազոտական կենտրոններից մեկը, ինչի հետեւանքով զոհվել է 4 տասնյակ մարդ:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ եթե Իսրայելը շարունակի ռմբակոծել Սիրիայի տարածքը, Սիրիան կպատասխանի Իսրայելի վրա հրթիռներ ուղարկելով. այդ նպատակով մարտական պատրաստության է բերվել սիրիական օդուժը:

Մինչդեռ Իսրայելը ոչ հաստատել է, ոչ հերքել հրթիռակոծման փաստը, իսկ իսրայելական մամուլը գրել է, որ օդային հարվածի նպատակը ոչ թե սիրիական գիտահետազոտական ինստիտուտն է եղել, այլ իրանական զինամթերքը, որ Սիրիայի տարածքով պետք է հասցվեր Լիբանանի Հզբոլլահ շարժմանը:

Իրանը իր հերթին հերքել է իսրայելական մամուլի այդ հաղորդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG