Մատչելիության հղումներ

Կիրակի օրը անցկացված Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող յոթ քաղաքական ուժերից, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալների, ավագանիում միայն երեքը ներկայացված կլինեն՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ «Բարեւ Երեւան» դաշինքը։

Ընտրությունների առաջատարը Հանրապետական կուսակցությունն է։ Ընդ որում, 55.86 տոկոս ձայներով ՀՀԿ-ն հնարավորություն կունենա քաղաքապետ նշանակել։ Ստացած 23 տոկոսով երկրորդը «Բարգավաճ Հայաստանն» է։

«Բարեւ Երեւանը», հաղթահարելով ավագանի անցնելու համար դաշինքին անհրաժեշտ 8 տոկոսի արգելքը, երրորդ արդյունքն է գրանցել։

Երեւանի 13 ընտրատարածքներից որեւէ մեկում ընտրական շեմը հաղթահարած եւ Երեւանի նոր ավագանիում հայտնված ուժերին չի հաջողվել հաղթանակ տանել Հանրապետականի նկատմամբ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ըստ նախնական տվյալների, 464 տեղամասերից միայն մի քանիսում է Հանրապետականի նկատմամբ առավելության հասել, «Բարեւ Երեւանը»՝ ոչ մեկում։

Ըստ նախնական արդյունքների, Երեւանի ավագանու 65 տեղերից 42-ը Հանրապետականը կստանա, 17-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 6-ը՝ «Բարեւ Երեւանը»։

«Մասսայական խախտումների մասին խոսք լինել չի կարող», - ամփոփելով ընտրությունների նախնական արդյունքները՝ այսօր հայտարարեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը։

«Այս պահին կարող ենք փաստել, որ այն տեղեկությունները, որոնք մինչ այժմ առկա են եղել, բոլորն էլ վերաբերել են բացառապես առանձին դեպքերի», - մեկնաբանեց Մուկուչյանը։

Ընտրությունների վերաբերյալ ընդդիմադիր ուժերից հնչող բացասական գնահատականներին, ընտրախախտումների կազմակերպված ու մասսայական բնույթ ունենալու վերաբերյալ հայտարարություններին Մուկուչյանը կարճ արձագանքեց. - «Դա վերջիններիս սուբյեկտիվ տեսակետն ու եզրահանգումն է»։

ԿԸՀ նախագահը երեկ դեռ ընտրությունները չավարտած էր կարծիք հայտնել, որ անհնար է այնպիսի ընտրախախտումներ ի հայտ գան, որոնք կարող են հիմք դառնալ ընտրություններն անվավեր ճանաչելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարծում է՝ մայրաքաղաքում երեկ ողջ գիշեր հնչող հրավառությունը իր մեկնաբանության հարցը չէ։

Չնայած ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ պաշտոնապես հայտնի չէին, բայց տարբեր ժամերի, ենթադրաբար՝ Հանրապետականի համակիրները Երեւանի տարբեր թաղամասերում հաղթանակ էին տոնում։

«Ես որեւէ քաղաքական ուժի գործողությունների հետ կապված մինչ այժմ փորձել եմ ձեռնպահ մնալ որեւէ գնահատական տալուց։ Այնպես էլ այս պարագայում ձեռնպահ կմնամ ընդհանրապես որեւէ մեկի գործողություններին գնահատականներ տալուց», - ասաց ԿԸՀ նախագահը։

Վերջում նշենք, որ անվավեր քվեաթերթիկների թիվը 15 հազարից ավելի է կազմել, գրեթե նույնքան, ինչքան ձայն է ստացել Հայաստանում իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը։ Ինչպես անցած նախագահական ընտրությունների ժամանակ, անվավեր քվեաթերթիկների վրա այս անգամ էլ ընտրողների տառատեսակ վերտառություններ կային՝ արտագաղթը կանխելու, Երեւանը չդատարկելու, «իրար չուտելու» վերաբերյալ։

Մի ընտրող քվեարկել էր «Միշտ Կրքոտ Երեւան» դաշինքի եւ այն գլխավորող Ռուզաննայի օգտին՝ քվեարկության նշանի փոխարեն սիրտ նկարելով։

Երեւանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի մայիսի 12-ին։
XS
SM
MD
LG