Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը»


Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը` նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին ներկայացրեց նոր պետին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), որտեղ աշխատակազմին ներկայացրել է օրերս իր հրամանագրով նշանակված ծառայության նոր պետ Վահրամ Շահինյանին:

Երեք օր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով` աշխատանքից ազատվեց ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը: Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով ծառայության պետ նշանակվեց Վահրամ Շահինյանը, ով Հայաստանի գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր, իսկ ավելի վաղ եղել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազը:

Նախագահը խոսել է նաեւ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի ազատման պատճառների ու ծառայության առջեւ դրված խնդիրների մասին:

«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջեւ, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում», - ասել է Սերժ Սարգսյանը եւ շարունակել. - «Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ եւ քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչեւ հիմա այդպես չէ»:

«Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված ինքնուրույն, պրոֆեսիոնալ եւ հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ընդգծել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ իրավապահ մարմինների մասին խոսելիս շատ լավ գիտակցում է, որ ամենադժվար վիճակում թերեւս Հատուկ քննչական ծառայության աշխատողներն են, որովհետեւ շատ դեպքերում նրանք ստիպված են լինում վարել քրեական գործեր, որոնցով անցնում են իրենց գործընկերները: Բայց մյուս կողմից էլ, ըստ նախագահի, նրանք պետք է հասկանան, որ դա իրենց կոչումն է, եւ ով պատրաստ չէ դրան, ուրեմն չպետք է այս համակարգում աշխատի:

«Այստեղ պետք են մարդիկ, մասնագետներ, ովքեր պատրաստ են ճշմարտությանն ուղիղ նայել եւ եթե տեսնեն, որ իրենց գործընկերները, բարեկամները, ընկերներն իրենց գործունեությամբ խաթարում են մեր երկրի, մեր պետական կառույցների ընթացքը, ապա պարտավոր են միջոցներ ձեռնարկել», - ասել է նախագահը:

Անդրադառնալով նաեւ ավելի քան հինգ տարվա ընթացքում ՀՔԾ-ի աշխատանքում եղած որոշակի ձեռքբերումներին, նշել է նախաքննական մարմնի աշխատակիցների աշխատանքային ունակությունների եւ մասնագիտական գիտելիքների հետևողական կատարելագործման անհրաժեշտությունը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ պետ Վահրամ Շահինյանի գլխավորությամբ ՀՔԾ-ն շատ կարճ ժամկետում վերջնականապես կկայանա, եւ վստահեցրել է, որ այդ ընթացքում ե՛ւ Շահինյանը, ե՛ւ ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել իր եւ կառավարության աջակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG