Մատչելիության հղումներ

Ընտրախախտումների մասին ահազանգերով Ոստիկանությունը քննարկում է 143 դեպք


Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները

Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով Հայաստանի ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

Ոստիկանության «թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, Ոստիկանության Երեւանի վարչության «թեժ գիծ»՝ 54 ահազանգ:

Նշված դեպքերից, Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, 40-ը վերաբերում են ընտրակաշառքին, 1-ը` ոչ սահմանված կարգով քվեարկելուն, 16-ը` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 13-ը` ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 22-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 18-ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն, 6-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 27-ը` այլ խախտումների` ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում եւ այլ խախտումներ:

Ահազանգերից 11-ը ստացվել են ՀՅ Դաշնակցությունից, 12-ը` «Բարեւ Երեւան» դաշինքից կամ «Ժառանգություն» կուսակցությունից, 6-ը` Հայ ազգային կոնգրեսից, 1-ը` «Օրինաց երկիր»-ից, 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 111-ը` լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիներից:

Ըստ տարածքների` դեպքերից 5-ը վերաբերում են Կենտրոն, 34-ը` Մալաթիա-Սեբաստիա, 28-ը` Արաբկիր, 18-ը` Քանաքեռ-Զեյթուն, 16-ը` Շենգավիթ, 9-ը` Նոր Նորք, 7-ը` Էրեբուն, 26-ը Մաշտոց վարչական շրջաններին:

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ: 4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը` Ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ Ոստիկանության Շենգավիթի եւ Արաբկիրի քննչական բաժիններում` Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով` «կրկնակի քվեարկության փորձ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG