Մատչելիության հղումներ

Եվրոպացի դիտորդները ընտրությունները «տեխնիկապես լավ կազմակերպված» են որակում


Միջազգային դիտորդները ներկայացնում են իրենց միջանկյալ զեկույցը, 6-ը մայիսի, 2013

Միջազգային դիտորդները ներկայացնում են իրենց միջանկյալ զեկույցը, 6-ը մայիսի, 2013

Երեւանի ավագանու ընտրություններում դիտորդություն իրականացրած միակ միջազգային կազմակերպությունը համարում է, որ մի քանի միջադեպերի բացառությամբ քվեարկության օրը անցել է խաղաղ, կանոնավոր, իսկ ընտրությունները տեխնիկապես լավ կազմակերպված էին: Եվրոպացի դիտորդները միեւնույն ժամանակ զգուշավոր են իրենց գնահատականերում` շեշտելով, որ ընտրությունների բովանդակության վերաբերյալ իրենց գնահատականները վերջնական զեկույցում կներկայացնեն:

Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները, երկուշաբթի ներկայացնելով իրենց միջանկյալ զեկույցը, ասացին, որ որոշակի առաջընթաց է գրանցվել Հայաստանի ընդհանուր քաղաքական միջավայրում, մամուլի ազատության եւ հակակոռուպցիոն միջոցառումների ոլորտում:

Առաքելության ղեկավար, բրիտանացի Ստյուարտ Դիքսոնը որպես առավելություն նշեց, որ քվեարկության ժամանակ մեծապես հարգված է եղել քվեարկության գաղտնիությունը:

Համեմատականներ տանելով անցած ընտրությունների հետ` պատվիրակության ղեկավարը նշեց, որ բարելավել է նաեւ թանաքի որակը, որը դրոշմանշվում էր ընտրողի անձնագրի մեջ: Որպես առավելություն` նաեւ նշեց այն, իրենց տպավորությամբ` ընտրական տեղամասերում ավելի լավ վերահսկողություն էր իրականացվում:

Սակայն Դիքսոնի խոսքերով մտահոգիչ է տեղական դիտորդների մեծ թվի ներկայությունը ընտրատեղամասերում:

«Դեպքերի մեծ մասում մենք վստահ չէինք, թե քանի հասարակական կազմակերպության եւ լրատվամիջոցի ներկայացուցիչ էր այնտեղ ներկա: Մեզ համար երկիմաստ մնաց նրանց ներկայությունը, որոշ դեպքերում մեզ հուշում էին, որ այս դիտորդները գործում էին նաեւ քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների օգտին», - ասաց Դիքսոնը:

Միջազգային 12 դիտորդները կիրակի օրը այցելել են ավելի քանի 100 ընտրատեղամասեր: Նրանք գրանցել են «ընտրական կառուսելի» բազմաթիվ դեպքեր: Դիքսոնը ասաց, որ կհետեւեն այս դեպքերի հետ կապված ներկայացված բողոքների զարգացումներին, որը կներառեն առաջիկայում հրապարակվելիք համապարփակ զեկույցում: Հարցին` իսկ ինչպե՞ս է վերաբերում միկրոավտոբուսներով ընտրողներին ընտրատեղամասեր տեղափոխելուն, ապա Դիքսոնն ասաց, որ ինքն էլ է նման բան նկատել, սակայն դրա վերաբերյալ գնահատական կտրվի վերջնական զեկույցում: Իսկ հետո տեղեկացրեց, որ շատ եվրոպական երկրում, ինչպես նաեւ իր հայրենիքում ընտրողին տրանսպորտային միջոցով ապահովելը դեռ չի նշանակում, որ քաղաքացին պետք է ընտրի մեքենան տրամադրած կուսակցությանը:

Ստյուրատ Դիքսոնը այսօր նաեւ ասաց, որ մինչեւ ընտրության օրը հանդիպել է դրան մասնակցող քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների հետ եւ լսել վերջիններիս մտահոգությունները:

«Շարունակում է խնդիր մնալ բնակչության պետռեգիստրում գրանցված, սակայն արտերկրում ապրող մարդկանց` ընտրացուցակներում ներառված լինելու հանգամանքը: Հաղորդագրություն ենք ստացել նաեւ այն մասին, որ պետական ծառայողների վրա ճնշում է գործադրվում այս կամ այն մարդուն ընտրելու համար: Հարց է բարձրացվել նաեւ քվեների գնման վերաբերյալ: Այս մեղադրանքների առումով մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին վերջ դնել այս վիճակին, ապահովել մի ընտրական միջավայր, որտեղ գոյություն չունի ոչ վախի մթնոլորտ, ոչ կանխիկ գումար», - փոխանցեց միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը:

Միջազգային դիտորդները ընդհանուր առմամաբ բավարարված են ընտրություններով: «Ազատություն» ռադիոկայանի հարցին` այդ դեպքում ինչո՞վ կբացատրեն ոչ իշխանական ուժերի բողոքներն ու անվստահությունը ընտրությունների նկատմամբ, Դիքսոնը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ մինչեւ ընտրությունները հանդիպել են բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ պատրաստ են հետագայում նույնպես լսել բոլոր դժգոհությունները: Դիտարկմանը, թե տեխնիկապես լավ կազմակերպված ընտրությունները ենթադրում են բովանդակային առումով լավ ընտրություններ, Դիքսոնը արձագանքեց, թե բովանդակության մասին իրենց կարծիքը կհայտնեն ամբողջական վերջնական զեկույցը կազմելիս, որը կհրապարակվի հոկտեմբերին Ստրասբուրգում:
XS
SM
MD
LG