Մատչելիության հղումներ

logo-print

Հանրապետականը «բավականին կանխատեսելի հաջողություն» է համարում իր հաղթանակը


Երեւանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում Հանրապետականի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը քարոզարշավի ժամանակ, ապրիլ, 2013թ.

Երեւանի գործող քաղաքապետ, ավագանու ընտրություններում Հանրապետականի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը քարոզարշավի ժամանակ, ապրիլ, 2013թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական տվյալներով Երեւանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններում հաղթած իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` ընտրությունները անցել են թեեւ լարված, բայց` նորմալ:

«Սա բավականին կանխատեսելի հաջողություն էր, քանի որ ողջ քարոզչությունը ցույց տվեց, որ [Հանրապետականի ցուցակը գլխավորող Երեւանի գործող քաղաքապետ] Տարոն Մարգարյանը, մեր քաղաքական թիմը ավագանիների նպատակ է դրել ոչ թե վարկաբեկելու կամ վատաբանելու այս կամ այն քաղաքական թիմին, այլ` կոնկրետ ծրագրով ներկայանալու երեւանցիներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը:

«Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա այո, բնականաբար, պետք է համաձայնեմ ձեզ հետ, որ եղավ որոշակի քաղաքական լարվածություն, բայց, մյուս կողմից, սա էլ կանխատեսելի էր, որովհետեւ, ի տարբերություն նույն [փետրվարի 18-ի] նախագահական ընտրությունների, գրեթե բոլոր քաղաքական ուժերը մասնակցեցին, բոլորը խոսում էին ինչ-որ հաղթանակի մասին, փոխելու մասին, սկսելու մասին, եւ, բնականաբար, դա որոշակի լարվածություն կարող էր մտցնել», - շարունակեց իշխող կուսակցության խոսնակը:

«Սրանից հետո մեզ միայն մնում է` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ մեր քաղաքական թիմը Երեւանի ավագանում ավելի լավ աշխատի, որպեսզի արդարացնի այն սպասելիքները, որ կապել է իր հետ երեւանցին», - նշեց Շարմազանովը:

«Երեւանի ավագանու ընտրություններում Հանրապետականը ավելի մեծ տոկոսով հաղթեց, քան երեւանցին իր ձայնը տվել էր Սերժ Սարգսյանին, այս հանգամանքը ինչպե՞ս եք գնահատում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հանրապետականի խոսնակը արձագանքեց. - «Այս ընտրությունները պետք է համեմատել ոչ թե նախագահական ընտրությունների, այլ այս ընտրությունները պետք է համեմատել համայնքային ընտրությունների, այսինքն` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ: Ինչքան էլ մեր քաղաքական օպոնենտները ցանկանային սա վերածեին, չգիտեմ, նախագահական ընտրության վերջնական փուլի կամ ռեզերվային փուլի, այնուամենայնիվ, սրանք համայնքային ընտրություններ են, եւ մեր մայրաքաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվեց այն քաղաքական թիմին, այն թեկնածուին, ով լավագույնս կարող է լուծել ասֆալտապատման, կանաչապատման, բարեկարգման, լուսավորման, չգիտեմ, աղբահանության խնդիրները»:

Արձագանքելով ընտրությունների արդյունքները զանգվածաբար բողոքարկելու` ԿԸՀ-ի նախնական տվյալներով երրորդ տեղը գրաված «Բարեւ Երեւան» դաշինքի մտադրությանը, եւ պատասխանելով հարցին, թե իրենց կարծիքով` հնարավո՞ր է այնպիսի ընտրախախտումներ եղած լինեն, որ ընտրությունների արդյունքների արդյունքները չեղյալ համարվեն, Շարմազանովը հայտարարեց. - «Նախ, օգտվելով առիթից, ուզում եմ շնորհավորել թե՛ «Բարգավաճ Հայաստան»-ին, թե՛ «Բարեւ Երեւան»-ին` նախնական արդյունքների կապակցությամբ, եւ, երկրորդը, ցանկացած քաղաքական դաշինքի, քաղաքական թիմի իրավունքն է բողոքարկել օրենքով սահմանված կարգով արդյունքները: Ես դատավոր չեմ եւ որեւէ անգամ իմ վրա դատավորի ֆունկցիա ստանձնել չեմ կարող»:

Հարցին էլ` իր կարծիքով, կաշխատի՞ արդյոք նոր ավագանում լրագրողի նկատմամբ բռնություն գործադրած Աշոտ Պապայանը, ով ընդգրկված է Հանրապետականի ցուցակում, իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց. - «Միայն կարող եմ մի բան ասել` ինչպես նախկինում, այնպես էլ` հիմա եւ ապագայում, մենք խստագույնս դատապարտել եւ դատապարտելու ենք այն գործողությունները, որոնք ուղղված են մամուլի ազատության դեմ եւ լրագրողի պրոֆեսիոնալ գործունեությունը խոչընդոտելու դեմ: Եթե իրավական քննությունը, նախաքննությունը կապացուցի, որ Պողոս Պողոսյանը կամ Պետրոս Պետրոսյանը մեղավոր են, բնականաբար, նման մարդիկ ոչ միայն մեր քաղաքական թիմում, այլ բոլոր թիմերում պետք է տեղ չունենան»:
XS
SM
MD
LG