Մատչելիության հղումներ

Ահազանգեր Նոր Նորքի, Ավանի եւ Նորագյուղի ընտրատեղամասերից


Դրանք հիմնականում վերաբերում են ընտրողների ուղղորդմանը։

Առավոտից Երեւանի Նոր Նորք, Ավան, Նորագյուղ թաղամասերի ընտրատեղամասերով շրջելիս «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը գրեթե ամենուր նկատեց տեղամասերի դիմաց կուտակված թաղային հեղինակությունների, ինչ-որ երիտասարդների, որոնք ուշադիր հետեւում էին ընտրության եկողներին, երբեմն ուղեկցում էին նրանց մինչեւ դուռը, որոշ դեպքերում էլ ներսում էին հսկում քվեարկությունը:

Նոր Նորքի 8-րդ զանգվածում գտնվող թիվ 2/30 ընտրատեղամաս «Ազատություն» ռադիոկայանի այցելության ժամանակ արդեն իսկ միջադեպ էր արձանագրվել հանձնաժողովի ընդդիմադիր նախագահ Սիրանույշ Պետրոսյանի եւ հանձնաժողովի անդամ Անահիտ Բարսեղյանի միջեւ. հանձնաժողովի նախագահը վերջինիս ձեռքում ինչ-որ ցուցակներ էր հայտնաբերել, ինչը վերածվել էր վիճաբանության։

«Պատահական նկատեցի, որ ինքը ուներ ցուցակ, որի վրա նշումներ էր անում, թե քվեարկողներից ով եկավ եւ ովքեր չեն եկել, ու ցուցակը աստիճանաբար փոխանցում էր հանրապետական տղաներին, նրանք էլ մարդիկ են բերում: Երբ փորձեցի կանխել, ինքը սկսեց աղաղակել: Ես դուրսը չեմ կարող հսկել, ներսն էլ ինչքան կարողանում եմ հսկում եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց թիվ 2/30 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Սիրանույշ Պետրոսյանը:

Հանձնաժողովի անդամ Անահիտ Բարսեղյանը տեսախցիկը տեսնելով վրդովվեց։ «Ինձ արդեն նկարել են, մի նկարեք: Իմ մոտ ոչ մի ցուցակ չի եղել», - ասաց նա: Հարցին, թե «այսինքն, հանձնաժողովի նախագահը ստո՞ւմ է», Բարսեղյանը պատասխանեց. - «Ես չգիտեմ, նայում էի, տեսնեի երկու բնակարան եկել են, թե ոչ, այդքան բան»:

«Ազատություն» ռադիոկայանի նկարահանման պահին տեղամասի ներսում ընտրողների խիստ ակտիվություն էր, ընտրողների հետեւում կանգնած էին ինչ-որ երիտասարդներ: Նյարդայնանում էին տեսախցիկից, ասում էին, որ եկել են ընտրության, մինչդեռ ներկա դիտորդներից ոմանք փաստում էին, որ նրանք վաղուց էին ընտրել, բայց մնում էին տեղամասում: Իշխող Հանրապետական կուսակցության վստահված անձ Գագիկ Մովսիսյանը սկսեց իր հեռախոսով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին նկարել՝ առանց որեւէ պատճառաբանության:

Նոր Նորքի 5-րդ զանգվածի թիվ 2/ 17 տեղամասի մոտ ականատես եղանք «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի, «Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձի եւ ծառայություն կատարող համազգեստավոր ոստիկանների միջեւ թեժ խոսակցության: Պարզվեց՝ րոպեներ առաջ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ, որը, ինչպես շուտով հայտնի է դարձել, ոստիկան էր, փորձել է ուղղորդել ընտրողներին՝ «Բարեւ Երեւան»-ի ներկայացուցիչներին ասելով, որ ծառայության մեջ է: Մինչ Ստյոպա Սաֆարյանը զրուցում էր քաղաքացիական հագուստով ոստիկանի վերադասի հետ, այդ անձը փորձեց արագ քայլերով լքել տարածքը, հետո, երբ մոտեցանք, ասաց` իր ընտանիքի անդամներին էր ուղղորդում։ «Իմ տնեցիքին իրավունք չունե՞մ ասեմ՝ ում ընտրեն», - վրդովվեց նա:

Ահազանգ ստանալով, թե Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող թիվ 2/3 ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանում, այցելեցինք այդ տարածք: Ինչ-որ երիտասարդներ էին խմբված, տեսախցիկը տեսնելով՝ նրանք անմիջապես շրջվեցին մեջքով, հետո ինչ-որ անձ նրանց հրահանգեց տեսախցիկի ընդգրկած տարածքից դուրս գալ. - «Դե հելեք արա, հելեք վերեւ, չե՞ք տեսնում կամերան»: Երիտասարդները սկսեցին բարձրանալ հրահանգված ուղղությամբ՝ վրդովվելով տեսախցիկի ուղեկցությունից։ «Ինձ մի նկարի, թե չէ սա կտամ գլխիդ», - սպառնաց նրանցից մեկը` պարզելով ձեռքի հեռախոսը:

Տեղամասի դիմաց մեզ մոտեցավ հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ Կարեն Կարապետյանը՝ խնդրելով մի փոքր երկար մնալ տարածքում. - «Գոնե կամերայից վախենան, թե չէ անընդհատ այստեղ հավաքված ուղղորդում են մարդկանց... Պարզ չի՞ ում օգտին են ուղղորդում, իհարկե՝ ոչ ընդդիմադիրների, [այլ] իշխող կուսակցության»:

Ավան-Առինջում թիվ 1/9 եւ 1/10 ընտրատեղամասերի հարակից շենքի բակում մի քանի կանանց տեսանք, որոնցից մեկի ձեռքում ցուցակի նման թղթեր էին: Տեսախցիկը տեսնելուն պես կինը թղթերը թաքցրեց հագուստի տակ, շրջվեց մեջքով, մտավ մուտք, մոտեցավ վերելակին, բայց այդպես էլ վերելակ չնստեց, մնաց մուտքում թաքնված, մինչ դրսում գտնվող կանայք «նստի մեքենադ գնա» բացականչելով՝ «Ազատություն» ռադիոկայանից պահանջում էին հեռանալ: Հետո այդ կինը դուրս եկավ մուտքից՝ բղավելով. - «Շատ համը հանեցիք արդեն, հա: Ինչի եք ստիպում, որ կոտրեմ ձեր ապարատը»:

Մի ուշագրավ տեսարանի էլ «Ազատություն» ռադիոկայանը Նորագյուղում ականատես եղավ: Գծերից դուրս եկած 47 [7] համարի երթուղայինի մեջ նստած մի կին պարբերաբար մեքենան կանգնեցնում էր տների դիմաց, դուրս գալիս, կանչում այդ տների բնակիչներին, նրանց նստեցնում մեքենան: Երթուղայինը տասնյակ անձանց բերեց թիվ 9/28 տեղամաս: Կանայք մտան ընտրելու, նրանց ուղեկցող կինը տեղամասում կանգնած սպասում էր, երբ «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը տեսնելով՝ սկսեց նյարդայնանալ եւ փախչել տեսախցիկից։ «Երթուղայինով մարդի՞կ եք բերում» հարցին պատասխանեց` «ոչ»: «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը թե`«բայց ես տեսել եմ», կինը հակադարձեց. - «Դե մի ընկիր հետեւիցս, որ տեսել ես»... «Չես էլ ամաչում », - զայրացած հավելեց կինը քվեարկությունն ավարտած ծանոթներին ուղեկցելով դեպի այլ երթուղային:
XS
SM
MD
LG