Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված»


Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է Երեւանի ավագանու ընտրություններում, 5-ը մայիսի, 2013թ.

Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկում է Երեւանի ավագանու ընտրություններում, 5-ը մայիսի, 2013թ.

«Ով չի գալիս ընտրության, ուրեմն` նա դժգոհելու իրավունք չունի այլեւս», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը:

Օրվա երկրորդ կեսին կնոջ, հարսի եւ թոռնիկների հետ քվեարկելու եկավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նա քվեարկեց նույն` 9/11 ընտրատեղամասում, որտեղ մի քանի ժամ առաջ քվեարկել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Քվեարկությունից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության շանսերը այս ընտրություններում, Տեր-Պետրոսյանը ասաց. - «Այսօր այս ժամին չի կարելի գնահատել»:

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներով է կատարել իր ընտրությունը, առաջին նախագահը արձագանքեց. - «Ես սպասելիքի մասին չեմ խոսի, միայն մաղթանք ունեմ, որ բոլորը գան, իմ նման, քվեարկեն, ուրիշ ոչինչ: Ժողովուրդը պետք է հասկանա վերջապես, որ ամեն ինչ իրենից է կախված»:

«Քաղաքականությանը ժողովուրդը մասնակցում է ընտրություններով: Ով չի գալիս ընտրության, ուրեմն` նա դժգոհելու իրավունք չունի այլեւս: Միակ մաղթանքս, ձեզնից օգտվելով կոչ եմ անում ամբողջ ժողովրդին` գալ, մեկ մարդու պես քվեարկել` ում օգտին ուզում են, ով ում սիրում է` նրա օգտին էլ քվեարկի», - հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Հարցին` «Սերժ Սարգսյանը ընտրելիս հայտարարեց, որ համեստ տեսակի օգտին է էվեարկել, Դո՞ւք ում օգտին եք քվեարկել», նա պատասխանեց. - «Ես Սերժ Սարգսյանի ասածները չեմ մեկնաբանում»:

Իսկ հարցին էլ, թե ինքը ո՞ր Երեւանի համար է քվեարկել, առաջին նախագահը արձագանքեց. - «Հայաստանի մայրաքաղաք Երեւանի համար»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք հայկական ֆենոմե՞ն է, որ հիմնական քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին չեն մասնակցում, իսկ Երեւանի ավագանու ընտրություններում կատաղի պայքար են մղում, ո՞րն է պատճառը, Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Դուք գնացեք փնտրեք դրա պատճառը»:

Ունի՞ արդյոք դրա բացատրությունը` այս հարցին նա արձագանքեց. - «Էդ հարցը ինձ չի հետաքրքրել, դրա համար չեմ էլ ուզում բացատրել, ձեզ է հետաքրքրում` դուք բացատրեք»:

Իսկ թե ինչո՞ւ քաղաքական ուժերին նախագահական ընտրությունները չեն հետաքրքրում` այդ կապակցությամբ նա նշեց. - «Գնացեք գտեք, հետո որ գտնեք` ինձ կասեք»:

«Նաեւ Ձեզանից ենք ուզում գտնել», - այս դիտարկմանն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հակադարձեց. - «Չէ, ինձ կօգնեք` հետո ինձ կասեք»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG