Մատչելիության հղումներ

logo-print

Մարտիրոսյանը պնդում է, որ համատարած ընտրակաշառք է բաժանվել


Արմեն Մարտիրոսյանը քվեարկում է թիվ 6/26 ընտրատեղամասում

Արմեն Մարտիրոսյանը քվեարկում է թիվ 6/26 ընտրատեղամասում

«Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավոր Արմեն Մարտիրոսյանի («Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ) պնդմամբ` մայրաքաղաքում համատարած ընտրակաշառք է բաժանվել, իսկ «ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը ոչինչ չեն ձեռնարկում»:

«Երեկ երեկոյան, երբ արդեն առեւտուր էի իրականացնում խանութներից, բոլորն իրարից անկախ ասում էին` այսօր երեկոյան կողմ միայն 20 հազար դրամանոցներով են առեւտուրն անում: Արդեն ակնհայտ է, թե այդ 20 հազար դրամանոցները որտեղից են», - թիվ 6/26 ընտրատեղամասում (Աջափնյակ) քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ անիմաստ է համարում դիմել իրավապահներին. - «Ոստիկանությունը դա գիտի… Դիմելու խնդիր չկա. հայտարարությունները բազմաթիվ են, լրատվամիջոցներում տեղադրված են` կոնկրետ անուն-ազգանուններ, վայրեր եւ այլն: Այնպես որ ինչ-որ նորություն հայտնելու խնդիր չկա: Ամբողջ Երեւան քաղաքով բաժանվել է [ընտրակաշառք], համատարած է եղել: Եվ ո'չ ոստիկանությունը, ո'չ Ազգային անվտանգության ծառայությունը այդ լայնամասշտաբությունը, ցավոք սրտի, չեն գրանցել»:

Մարտիրոսյանն այսօր հրաժարվեց կոնկրետացնել, թե որ ուժերն են բաժանել ընտրակաշառքը. - «Այսօր էլ չեմ ասի: Մենք, այսպես ասած` քվեարկության շրջանակում ենք, եւ վաղը արդեն ես կհայտարարեմ»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ մի քանի օր առաջ ընտրակաշառքի բաժանման մասին իր հայտարարություններից հետո իրավապահ մարմիններն իր հետ չեն կապվել:

«Կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետեւ այդ ամենն իրենց աչքի առաջ է տեղի ունենում», - հավելեց նա:

Թիվ 10/06 ընտրատեղամասում (Նորք-Մարաշ) քվեարկելուց հետո ընտրախախտումներին անդրադարձավ նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը. - «Արդեն ահազանգեր եղել են վերջին շաբաթների եւ հատկապես վերջին մի քանի օրերի ընթացքում ընտրախախտումների [վերաբերյալ]. ոչ միայն ադմինիստրատիվ ռեսուրսի, ցուցակների, այլեւ փողի բաժանման վերաբերյալ: Ես կարծում եմ, որ դրանց հիմնավորումները, ապացույցները կներկայանան ձեզ»:

«Մտահոգության աղբյուր կա, բայց ես կարծում եմ, որ երեւանցին հատուկ առիթ ունի այսօր փոխելու մեր քաղաքապետարանը եւ այն վերադարձնելու ժողովրդին», - նշեց նա: - «Ես հավատացած եմ, որ երեւանցու կամքի իրացման դեպքում մենք կունենանք նոր քաղաքապետարան»:
XS
SM
MD
LG