Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ թիվ 179 դպրոցում տեղակայված ընտրատեղամասերում


Լարված իրավիճակ թիվ 179 դպրոցում տեղակայված ընտրատեղամասերում
please wait

No media source currently available

0:00 0:06:35 0:00

Դիտորդները բարձրաձայնում են տարբեր տեսակի ընտրախախտումների մասին:

Ընտրական ողջ օրը լարված էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում, որտեղ կողք կողքի տեղակայված են երկու ընտրատեղամասեր` 8/08-ը եւ 8/09-ը:

Գրեթե ողջ օրը դպրոցի բակում եւ շրջակայքում մարդկային կուտակումներ էին` տասնյակ տղամարդիկ տեւական ժամանակ չէին հեռանում տարածքից, մոտակայքում կայանված էին շքեղ մեքենաներ։

Ողջ օրը այս տեղամասում դիտորդները պարբերաբար վիճաբանությունների մեջ էին հայտնվում։

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, Հանրապետական կուսակցությունը ներկայացնող հանձնաժողովականները, ինչպես նաեւ կուսակցության վստահված անձինք սպառնացել են իրեն, փորձել տեսախցիկը խլել, գողացել են մարտկոցը։

Հանրապետական կուսակցության վստահված անձինք, սակայն, հերքում էին այս մեղադրանքները` պնդելով, որ դիտորդները հատուկ առաքելությամբ են եկել տեղամասեր` սադրանքներ իրականացնելու:

Մեսրոպ Մանուկյանը, մասնավորապես, հակադարձում էր, թե դիտորդ Ռուզաննա Գրիգորյանն է իր վրա բռնություն գործադրել, ինքն էլ ոստիկանություն է դիմել։ Նույն այս վստահված անձը, սակայն, րոպեներ անց` դիտորդների հետ հերթական վիճաբանության ժամանակ խոչընդոտեց «Ազատություն» ռադիոկայանի աշխատանքը` ձեռքով հարվածելով տեսախցիկին։

ՀՀԿ-ի մեկ այլ վստահված անձ` Արայիկ Գրիգորյանը, պնդում էր, թե դիտորդին պետք է հոգեբուժարան տեղափոխել։

Մեկ այլ դիտորդի` Կարեն Հարությունյանի խոսքով, երկու տեղամասերում Հանրապետական կուսակցության միանգամից մի քանի վստահված անձինք կան, ովքեր խոչընդոտում են իրենց աշխատանքը։

Հանրապետականի վստահված անձերից Անուշ Օհանյանը չհերքեց, որ կուսակցության ներկայացուցիչները այստեղ մեկից ավելի են, բայց ասաց` փոխատեղությամբ են աշխատում։

Չնայած Հանրապետականի ներկայացուցիչների հավաստիացումներին, թե երկու տեղամասերում էլ ընտրությունները ընթանում են բնականոն հունով՝ բացառությամբ դիտորդների սադրանքների, այդուհանդերձ մեր այցելության պահին էլ միջադեպեր արձանագրվեցին. 8/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Գոհար Օհանյանը ընտրողին ուղղորդելու դեպք էր արձանագրել` հօգուտ Հանրապետականի։ Հարակից` 8/09 տեղամասում էլ ԲՀԿ-ի վստահված անձ Տիգրան Խումարյանը կրկնակի քվեարկության դեպք կանխեց, թեեւ հանձնաժողովի Հանրապետական անդամը հերքում էր, որ նման բան է եղել։

8/08 տեղամասի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Արտյոմ Խաչատրյանը ոստիկանությունից ուժեղացված հսկողություն էր խնդրել։ Այստեղ եկած տասնյակ ոստիկանները, սակայն, որպես կանոն, չէին միջամտում վեճերին:

Հնչած բազմաթիվ ահազանգերի հետքերով այս տեղամաս այցելեցին ներկայացուցիչներ ԱՄՆ դեսպանատնից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Ալեքսանյանը սպառնում է ՀՀԿ-ական վստահված անձանց


Ալեքսանյանը սպառնում է «լարված» տեղամասի ՀՀԿ-ական վստահված անձանց
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00
Թիվ 8/08 եւ 8/09 տեղամասեր այցելեց նաեւ հենց այս վարչական շրջանից մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված` իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը։

Դիտորդները փորձեցին Ալեքսանյանին ներկայացնել իրենց դժգոհությունները, ասացին՝ իրենց նկատմամբ ճնշումներ են կիրառում։

«Հեչ չի երեւում, որ մեկիդ վրա ճնշումներ են գործադրում», - պատասխանեց Ալեքսանյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եկել է լարվածությո՞ւնը հարթելու, Հանրապետական պատգամավորը պատասխանեց. – «Եկել եմ, որ այստեղ պրոբլեմ չլինի»։

Այնուհետեւ, դիմելով Հանրապետականի վստահված անձանց, Ալեքսանյանը սպառնաց. - «Եթե մի հատ էլ այստեղից զանգ եկավ, ինձանից չնեղանաք։ Մնացածը՝ դուք որոշեք արդեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG