Մատչելիության հղումներ

Ռուստամյանի խոսքով, ոչ իշխանական ուժերը մշտապես կապի մեջ են


Արմեն Ռուստամյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 5-ը մայիսի, 2013թ.:
Արմեն Ռուստամյանը պատասխանում է լրագրողների հարցերին: 5-ը մայիսի, 2013թ.:
Հանուն լուրջ արմատական փոփոխությունների, հանուն իշխանափոխության այսօր քվեարկեց Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 3/23 ընտրատեղամասում:

«Որպեսզի մենք փոխենք Երեւանը, իսկ Երեւանը` Հայաստանը», - քվեարկութույնից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում իր քվեարկությունը մեկնաբանեց Ռուստամյանը:

Լրատվամիջոցները եւ ոչ իշխանական քաղաքական ուժերը այսօր առավոտից բազմաթիվ ահազանգեր են հրապարակել ընտրախախտումների մասին. անձնագրերում ընտրություն կատարելուց հետո դրվող կնիքի անհետացում, անձնագրային տվյալերի հետ կապված խնդիրներ, ընտրակաշառքի բաժանման դեպքեր:

Արմեն Ռուստամյանն էլ հավանական համարեց այս խախտումները, ասելով, թե իրենց տեղեկություններով ընտրությունների մասնակցության տոկոսն է այս անգամ շատ բարձր եւ պետք է հասկանալ, թե ինչ է դրա ետեւում թաքնված:

«Բոլոր հնարավոր կեղծիքների մասին մենք վաղուց ի վեր ենք խոսում, եւ կարծում եմ, որ այս ընտրությունները բացառություն չեն լինի եւ ամեն ինչ պետք է անենք, որ դրանք նվազագույնի հասցնենք: Երեկվանից մեր թեժ գծից ստացված ինֆորմացիան փոխանցում ենք ՀՀ ոստիկանությանը», – ասաց Ռուստամյանը:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին` արդյոք ոչ իշխանական ուժերը այս փուլում համագործակցում են ընտրակեղծիքները բացահայտելու հարցում, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց. – «Մենք բոլորի հետ կապի մեջ ենք, իրար օգնելով, միմյանց տեղեկություն փոխանցելով պետք է կարողանանք վերահսկել գործընթացը: Եվ արդեն նման դեպքեր եղել են: Հույսով եմ, որ բոլոր ոչ իշխանական ուժերը լիարժեք ներկա կլինեն այս ընթացքին, ցավոք միշտ չէ այդպես լինում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG