Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններ

Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ 5-րդ քրեական գործն է հարուցվել

Ոստիկանության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, մայիսի 5-ին, ժամը 14.20-ին, Դավիթաշենի 3-րդ թաղամասում գտնվող թիվ 5/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը հայտնել է, որ Արամ Հ.-ն փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 34-153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
«Առաքելությունը» համարում է, որ «ընտրություններ տեղի չունեցան»

«Առաքելություն» կուսակցությունը հաստատակամ է շարունակելու քաղաքական եւ քաղաքացիական իր գործունեությունը եւ ոչ մի ընտրության կամ «ընտրության» արդյունք չի կարող կասեցնել մեր ընթացքը։

Մայիսի 5–ին ընտրություններ, որպես այդպիսին, տեղի չունեցան։ Ոչ իշխանական ուժերի այն ակնկալիքները, որ համատեղ ուժերով կանխվելու են կողմնակի ազդեցություններն ու ընտրական գործընացը խաթարող միջամտությունները, մեղմ ասած չիրականացան։

Այս ընտրություններում բախվեցինք հատկապես երկու կանխորոշիչ 2 երեւույթների հետ.
1. Ընտրակաշառքներն, ընտրության օրը մեքենաների մեջից բաժանելու փոխարեն, հիմնականում բաժանվել էին նախօրեին՝ մարդկանց բնակարաններում, ինչը ներկա պայմաններում գործնականում անհնար է դարձնում ընտրակաշառքի դեմ պայքարը։
2. Տեղամասային հանձնաժողովները, որպես ընտրական գործընթացի իրական ու իրավական պատասխանատուներ, այլեւս դառնում են անգործունյա ու անպատասխանատու, քանի որ բավական է թաղային խաժամուժի 1-2 ներկայացուցչի մուտք ընտրատեղամաս, որ հանձնաժողովականները հայտնվեն «խաղից դուրս» վիճակում։
Մայիսի 5–ին ականատես եղանք իշխանական ընտրակեղծարարության ողջ արսենալին։ Ընտրակաշառքը, քաղաքացիներին ընտրատեղամասեր բերելը, բազմակի քվեարկության համատարած դեպքերը, թաղային կրիմինալի կողմից ընտրատեղամասերում հանձնաժողովականներին, դիտորդներին, վստահված անձանց եւ լրագրողներին ահաբեկելու համատարած դրսեւորումները, տեղամասերում եւ հարակից տարածքներում վերահսկելիության ու վախի մթնոլորտն անարժանահավատ են դարձնում հրապարակված արդյունքները։

Ելնելով նման խայտառակ «ընտրություններին» համարժեք քաղաքական ու քաղաքացիական պատասխան տալու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ առաջիկա 4 տարում ոչ իշխանական դաշտի համախմբման ու համատեղ պատասխանատվություն ստանձնելու աներկբա հրամայականից՝ ոչ իշխանական ուժերին առաջարկում ենք
1. Հրաժարվել քաղաքային ավագանու մանդատներից (ԲՀԿ, «ԲԱՐԵՎ ԵՐԵՎԱՆ)
2. Հրավիրել համատեղ հանրահավաք՝ ստեղծված քաղաքական իրավիճակին միասնական քաղաքական գնահատական տալու եւ ոչ իշխանական համագործակցության նոր՝ իրապես միասնական ձեւափաչ ձեւավորելու համար։

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Դաշնակցության հայտարարությունը


Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:
Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:
Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:
Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:
Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին, թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:
Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:
Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:
Ե°վ նրանց, և° բոլոր երևանցիներին, և° Հայաստանի քաղաքացիներին մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:



06 մայիս 2013 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
Ընտրախախտումների մասին ահազանգերով Ոստիկանությունը քննարկում է 143 դեպք

Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով Հայաստանի ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 143 դեպք:

Ոստիկանության «թեժ գիծ» է ստացվել 5 ահազանգ, Ոստիկանության Երեւանի վարչության «թեժ գիծ»՝ 54 ահազանգ:

Նշված դեպքերից, Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, 40-ը վերաբերում են ընտրակաշառքին, 1-ը` ոչ սահմանված կարգով քվեարկելուն, 16-ը` ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 13-ը` ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 22-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 18-ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, լրագրողների, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչնդոտելուն, 6-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 27-ը` այլ խախտումների` ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ կուտակումներ, ընտրողների փոխադրում եւ այլ խախտումներ:

Ահազանգերից 11-ը ստացվել են ՀՅ Դաշնակցությունից, 12-ը` «Բարեւ Երեւան» դաշինքից կամ «Ժառանգություն» կուսակցությունից, 6-ը` Հայ ազգային կոնգրեսից, 1-ը` «Օրինաց երկիր»-ից, 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, 111-ը` լրատվամիջոցներից, հասարակական կազմակերպություններից եւ քաղաքացիներից:

Ըստ տարածքների` դեպքերից 5-ը վերաբերում են Կենտրոն, 34-ը` Մալաթիա-Սեբաստիա, 28-ը` Արաբկիր, 18-ը` Քանաքեռ-Զեյթուն, 16-ը` Շենգավիթ, 9-ը` Նոր Նորք, 7-ը` Էրեբուն, 26-ը Մաշտոց վարչական շրջաններին:

Հիշյալ դեպքերի վերաբերյալ նյութերի նախապատրաստումը գտնվում է ընթացքի մեջ: 4 դեպքերով հարուցվել են քրեական գործեր` 2-ը` Ոստիկանության Մալաթիայի, 1-ական՝ Ոստիկանության Շենգավիթի եւ Արաբկիրի քննչական բաժիններում` Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով` «կրկնակի քվեարկության փորձ»:

Բեռնել ավելին

XS
SM
MD
LG