Մատչելիության հղումներ

Ստյուարտ Դիքսոն. Կբնութագրենք ընտրություններն այնպես, ինչպես կտեսնենք


Ստյուարտ Դիքսոն
Ստյուարտ Դիքսոն

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Երեւանի ավագանու ընտրություններին հետեւող միակ միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ստյուարտ Դիքսոնի հետ:

Եվրոպացի 12 դիտորդներից կազմավորված դիտորդական առաքելությունը կիրակի` մայիսի 5-ին, Երեւանի ավագանու ընտրություններին կհետեւի Ստյուարտ Դիքսոնի գլխավորությամբ: Նա Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչն է Միացյալ Թագավորությունում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում Ստյուարդ Դիքսոնը հայտարարեց, որ Հայաստան է եկել նախորդ ընտրությունների վերաբերյալ զեկույցները նկատի ունենալով:

«Մենք դիտարկում ենք, թե նախորդ ընտրությունների վերաբերյալ զեկույցներում առկա հորդորները որքանով են իրականություն դարձել: Մենք եկել ենք տեսնելու, թե ընտրությունները որքանով են ազատ եւ արդար ընտրական գործընթացների մեջ ներգրավված բոլոր անձանց համար», - ասաց այս ընտրություններին հետեւող միակ միջազգային դիտորդական առաքելության ղեկավարը:

Հայաստանի նախագահի փետրվարյան ընտրությունների կապակցությամբ ԵԽԽՎ դիտորդական առաքելության գնահատականներն արժանացել էին Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դժգոհությանը:

Ակտիվիստները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ներկայացուցիչներին հասցեագրել էին պնդումներ, որ ընտրությունների օրը ընտրատեղամասերը վերածվել էին «թատերական հարթակի». Հայաստանի քաղաքացիները դիտորդներին հորդորել էին ամեն անգամ իրենց գնահատականներով չլեգիտիմացնել հայաստանյան ընտրությունները: Այս անգամ տարբերվող մոտեցում կլինի՞, եւ ի՞նչ է մտածում միջազգային դիտորդների խմբի ղեկավարը նման վերաբերմունքի կրկնության հնարավորության կապակցությամբ: «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան` Ստյուարտ Դիքսոնը հայտարարեց. - «Ես չեմ կարող պատասխանատու լինել, թե մարդիկ ինչպես կարձագանքեն մեր դիտորդական առաքելությանը: Մենք կբնութագրենք ընտրություններն այնպես, ինչպես կտեսնենք կիրակի օրը: Դա կարեւոր է մեզ համար, ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի, ընտրական հանձնաժողովների եւ Հայաստանի համար: Ես այստեղ չեմ լեգիտիմացնելու կամ կառավարության կամ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը»:

ՀՀ նախագահի վերջին ընտրությունների կապակցությամբ Եվրախորհրդի խորհրդարանական պատվիրակությունը փաստել էր, որ «ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս վերջնականապես կայացած չէ, ընտրական գործընթացն էլ էական բարեփոխումների կարիք ունի»: Բայց այս գնահատականին զուգահեռ եվրոպացի դիտորդները ամեն անգամ «մեկ քայլ առաջ» են գնահատում ընտրությունները: Եվ հանրության շրջանում տարակարծություններ են առաջանում, թե ինչո՞ւ ավելի հստակ գնահատականներ չեն տրվում: Հարցին, թե կարո՞ղ է Հայաստանի հանրությանը վստահեցնել, որ այս անգամ հստակ գնահատականներ կտա ընտրությունների առնչությամբ, Դիքսոնը պատասխանեց. - «Նախ եւ առաջ մենք պետք է հետ նայենք եւ տեսնենք` զեկույցներում նախանշված չափանիշները բավարարվե՞լ են, թե՞` ոչ: Դա մեր պատասխանատվության ներքո է»:

Փետրվարի 18-ի ընտրությունների վերաբերյալ օրեր առաջ ԵԽԽՎ-ում հնչած մոտ մեկ տասնյակ դրական ելույթների շարքում առանձնացել էր շվեդ պատգամավոր Մարիետա դե Լունդինը: Նա պնդել էր, որ թե իր տեսածը առաջընթացից հեռու է եղել, սակայն իր դիտարկումները վերջնական զեկույցում այդպես էլ չեն արձանագրվել: «Կարո՞ղ եք վստահաբար ասել, որ ձեր տեսածը կներառվի զեկույցում», այս հարցին ի պատասխան` Դիքսոնն ասաց, որ դիտորդական առաքելության անդամները կամփոփեն իրենց տեսածը:

«Մենք կլսենք իրար, ես կփորձեմ կոնսենսուսով ամփոփել դրական եւ բացասական դիտարկումները: Եվ եթե անհատական պնդումները լինեն շատ հիմնավոր, դրանք նույնպես տեղ կգտնեն զեկույցում», - վստահեցրեց նա:

«Կրկնակի քվեարկությունը բացառելու համար օգտագործվող թանաքանյութը, որը պետք է պահպանվեր 12 ժամ, պարզվեց՝ շատ հեշտությամբ մաքրվում է, չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կատարած փորձարկումներին», - նախագահի ընտրությունների առնչությամբ փաստել էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը եւ ընդգծել. - «Թանաքանյութի հետ կապված խնդիրներն ազդում են ընտրողների վստահության վրա, դրա կիրառումը պետք է վերանայվի»: Բայց Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, թե դրոշմակնքումը կլինի այնպես, ինչպես նախորդ ընտրություններին ժամանակ էր: Հանձնաժողովի նախագահը ասել էր` բրիտանական ընկերությունը ԿԸՀ-ին հավաստիացրել է, թե մայիսին այդ թանաքանյութը կդրսեւորի կայուն հատկանիշներ:

Անդրադառնալով թանաքանյութի խնդրին` Դիքսընը նշեց, որ այդ հարցը կքննարկի ԿԸՀ-ի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG