Մատչելիության հղումներ

«Գավառից չեն արտագաղթում միայն ծերերն ու հիվանդները»


Ամեն օր Գավառը ականատես է լինում մի ծանր պատկերի` ինչպես են կանայք արտագնա աշխատանքի ճանապարհում իրենց ամուսիններին:

Գավառից չեն արտագաղթում միայն ծերերն ու հիվանդները, իրենք իրենց մասին խոսելիս ասում են գավառցիները եւ վստահեցնում, որ տարեցտարի քաղաքը դատարկվում է: Թոշակառու Հարազատ պապիկի համար Գավառն այլեւս հարազատ չէ: Ասում է` այստեղ ապագա չկա, ոչ գործ կա, ոչ փող կա, հողն էլ այլեւս բերք չի տալիս:

«Իրեք հեկտար հող ունեմ, ով ուզում է, թող գա, ձրի տամ իրան: Անցյալ տարի ցորեն տվեցին, որ ցանենք, ասին` երեւի թե մի 2 տոննա բերք կլինի, քաղինք 30 կիլո ցորեն ելավ, սաղ փուչ էր», - ասում է Հարազատ պապիկը:

Հարազատ պապիկի բոլոր հարազատները դրսում են. ասում է` վերջ, հոգնել եմ, գնում եմ Մոսկվա շինարարություն անելու:

Արտագաղթի մեկնող գավառցիները, համեմատելով իրենց հարեւան մարտունեցիների հետ, ասում են` եթե մարտունեցիները վերադառնում են եւ եվրանորոգում իրենց տները, գավառցիները նույնիսկ մեծ գումարներ վաստակելու դեպքում չեն վերադառնում, ընտանիքին էլ են տանում:

Սակայն Գավառում բացառություններ եւս լինում են. երբ 40-ամյա Զոհրակ Հակոբյանը մեկ ու կես տարի առաջ Ուֆայից վերադարձավ, փող չուներ, ուղղակի կայունություն էր փնտրում: Եվրամիության ֆինանսավորմամբ People in need կազմակերպության աջակցությամբ հիմա նա արդեն դատարկ քաղաքի iPhone ունեցող բիզնեսմենն է:

«Հիմա նորմալ ապրում եմ, բայց գիտես, որ էրեխեքի համար պայծառ ապագա չկա», - ասում է Հակոբյանը, ով ճանապարհի վրա բացված իր փոքրիկ ռեստորանում մատուցում է Գավառի ամենահամեղ խեցգետնի քյաբաբը:

Հակոբյանը նաեւ փոքր ձկնաբուծարան ունի եւ թարմ ձուկ է վաճառում, միտք ունի նույնիսկ հյուրանոց բացել, եթե «ստեղ մնա»:

«Չկա, ժողովուրդ չկա, օրը երկու մեծ ավտոբուս էթում է էս մեր Գավառի կուլտուրայի պալատից դեմից, խոպան են էթում, արտագաղթ», - ասում է Հակոբյանը:

Հակոբյանը իր բիզնեսի շնորհիվ 30 աշխատատեղ է ստեղծել: Աշխատողներն ասում են, եթե մի օր նա հեռանա Հայաստանից, իրենք անգործ կմնան:

Մինչդեռ Գեղարքունիքի մարզպետը Ռաֆիկ Գրիգորյանը ասում է` մարդիկ ճիշտ են անում, որ գնում են, դրա անհրաժեշտությունը կա:

«Ես կողջունեմ, եթե արտագնա աշխատողների աճ ունենանք: Դա նշանակում է, որ մենք ունենք մարդիկ, որոնք ի վիճակի են աշխատելու», - ասում է մարզպետը:

Մարզպետի կարծիքով` արտագնա աշխատանքը բնավ էլ չի նպաստում ընտանիքների կազմալուծմանը:

«Մարդիկ իրենք վաստակած գումարը բերում են, իրենց հայրենիքն են շենացնում, ես դա եմ ողջունում», - ասում է Գրիգորյանը:

Մանրամասները` տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG