Մատչելիության հղումներ

Ռուսական վարժարանը (ավագ դպրոցը) բացվում է օրենքի տառին համապատասխան, եւ այն ապահովելու է միջազգային կրթական ծրագրի դասավանդումը Հայաստանում, վստահեցնում է կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

Նախարար Արմեն Աշոտյանը, խոսելով ռուսական վարժարանի բացման մասին, ասաց, որ արդեն երկու տարի է Հայաստանում գործում է «Քվանտ» վարժարանի անգլերենով դասավանդող ծրագիրը` այդպիսով ապահովելով հայկականից տարբեր հանրակրթական ծրագրի ներդրում Հայաստանում:

Մայիսի 2-ին կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռուսական վարժարան բացելու մասին համաձայնագրին: Մեկ այլ համաձայնագրով, որը կնքվել է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ, նախատեսվում է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցում:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամ Արմեն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ թե չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի, թե ռուսական ավագ դպրոցի բացումը նույն հարթության վրա է դիտարկում: Դա, Հովհաննիսյանի կարծիքով, հայերենից հեռանալու փաստ է, մինչդեռ Հայաստանում, ազգությամբ հայ երեխաների համար կրթությունը պետք է լինի միմիայն հայերեն:

Հիշեցնենք, 2010 թվականին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու առնչությամբ, քանի որ այդ փոփոխությունները հնարավորություն էին տալիս երկրում օտարալեզու դպրոցներ բացել: Արդյունքում «Հանրակրթության մասին» օրենքը կրկին փոփոխվեց, ըստ որի` օտարալեզու դպրոցներ այժմ կարելի է բացել մասնավոր, միջկառավարական եւ միջպետական համաձայնագրերի հիման վրա:

«Ռուսական վարժարանը բացվում է գործող օրենսդրության սահմաններում, բացարձակապես խնդիր չի հարուցում ոչ մի կողմից: Ուղղակի որոշ շրջանակներ փորձում են այս հարցը հակառուսական տիրույթում դիտարկել, ինչը դատապարտելի է ի սկզբանե, ինչպես դատապարտելի է ցանկացած հակաքննադատություն, որովհետեւ մեր խնդիրը միջազգային կրթական ծրագրի դասավանդման ապահովումն է Հայաստանում եւ [«Հանրակրթության մասին»] օրենքը թույլ է տալիս ունենալ նման 11 դպրոց», - այսօր հայտարարեց կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատարը:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամը, մինչդեռ, պահանջում է, որ նախարարությունը հրապարակի այն տվյալները, թե միջազգային վարկանիշներով ռուսական հանրակրթական համակարգը աշխարհում որ տեղն է գրավում, եւ այն ռուսական հաստատությունների անունները, որոնք որպես օրինակ են վերցվելու Հայաստանում:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Արմեն Աշոտյանը նշեց, որ վարժարանում սովորելու են Ռուսաստանի դպրոցական ծրագրով, որը նախատեսված է արտասահմանում գործող ռուսական դպրոցների համար: Բոլոր առարկաները ավագ դպրոցում դասավանդվելու են ռուսերենով, բացի հայագիտական առարկաներից` հայոց լեզվից եւ գրականությունից, հայոց եւ կրոնի պատմություններից:

Անդրադառնալով այս հարցին` Աշոտյանը նշեց, որ այժմ հայերենով ապահովում ենք միջազգային որակին համապատասխան կրթություն: Այդ դեպքում ո՞րն է ռուսերենով հանրակրթության տրամադրման նպատակը հարցին, Աշոտյանը արձագանքեց. - «Մի բորբոքեք Հայաստանում հակառուսական տրամադրություններ, դրանից հայ ժողովուրդը եւ հայ պետությունը չի շահելու»:

Իսկ հարցին կա՞ արդյոք ռուսական դպրոցների պահանջարկ այժմ Հայաստանում, Աշոտյանը պատասխանեց. - «Խոսքը պահանջարկ բավարարելու մասին չէ, խոսքը Հայաստանի հանրակրթական համակարգում տարբեր ծրագրերի դասավանդման հնարավորության մասին է»:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի` բազմաթիվ ծնողներ իրենց երեխաների ապագան տեսնում են Հայաստանից դուրս, այդ պատճառով ձգտում են նրանց այլ լեզուներով կրթությամբ ապահովել:

«Մեր ծնողներին թվում է, թե եթե կրթությունը ռուսերեն է, անգլերեն կամ չինարեն, այն ավելի լավն է, քան հայերենովը: Դա իհարկե քաղքենիություն է, բայց սարսափելին այն է, որ մեր իշխանությունը քաղքենիության ամենացածր դրսեւորումների պաշտպանն է», - ասաց Հովհաննիսյանը:
XS
SM
MD
LG