Մատչելիության հղումներ

Մայիսի 4-ի մամուլ


Հայաստանը ինքը ունենալով խնդիրներ՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հետ կապված, որպես ԵԽ-ում նախագահող երկիր, արդյոք կարո՞ղ է նպաստել անդամ երկրներում եվրոպական արժեհամակարգի զարգացմանը: Անդրադառնալով այս խնդրին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Հայոց աշխարհ»-ի հետ զրույցում նշել է. - «Որեւէ մեկը Եվրախորհրդից մեզ չի ասում, թե դուք ունեք խնդիրներ։ Եվ դա Հայաստանում իրականացված բարեփոխումների արդյունք է: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը երբ այցելեց Հայաստան, չասաց, որ Հայաստանը որեւիցե խնդիր ունի նախագահություն ստանձնելու իմաստով։ Հակառակը, նշվեց այն բարձր մակարդակի համագործակցության մասին, որ հաստատվել է Եվրախորհրդի եւ Հայաստանի միջեւ»: Իսկ Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ հատուկ մոնիտորինգի ռեժիմում ԵԽ առջեւ իր պարտականությունների իրականացման առումով։ «Համապատասխան ենթահանձնաժողովը արդեն որոշում է կայացրել, որ Հայաստանը տեղափոխվում է ընդհանուր մոնիտորինգի հարթություն, ինչպես այլ անդամ երկրներ», - տեղեկացրել է Նալբանդյանը:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Վաղը` մայիսի 5-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Բովանդակության իմաստով այս ընտրություններում քաղաքական ուժերը մի շատ կարեւոր մտահոգություն ունեն: Նրանք անհանգիստ են, որ երեւանցիները պասիվ կգտնվեն եւ չեն մասնակցի քվեարկությանը: Հայաստանում ընտրության գնալն իսկապես ընտրողի համար խորապես վիրավորական գործընթաց է` շանտաժ, ձայն առնել, սպառնալ, խնդրել, հորդորել, պայմանավորվել, ցուցակներ կազմել, ընտրատեղամասում մեքենայություններ անել, քվեախցիկներում կանգնած ընտրողների ուղղությամբ սպառնալից հայացքներ նետել, ընտրատեղամասերի բակում խուլիգանական պահվածքով երիտասարդներ լցնել, առանձնահատուկ վարքի կանանց գործուղել… ահա այն ամենը, ինչ ընտրողը տեսնում, լսում եւ զգում է քվեարկության օրը: Եվ զարմանալի չէ, որ այսքանից հետո քաղաքական ուժերը մտահոգվում են, որ մարդիկ հեռու կմնան այս ամենից եւ պարզապես չեն գնա ընտրատեղամասեր: Սակայն արդեն փաստ է նաեւ, որ հայ ընտրողը այլեւս դժվարությամբ է խաբվում փողով: Դրանից հրաժարվելու հնարավորություն չունենալու դեպքում էլ վերցնում է այն եւ կատարում իր ազատ ընտրությունը: Նույնը վերաբերում է նաեւ երթուղային տաքսիներով թաղի պատասխանատուների առաջնորդությամբ ընտրատեղամաս բերվողներին»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Եվ այսպես այսօր լռության օր է, այսինքն քարոզչական նյութեր տպագրելն արգելված է, քարոզչություն անելն էլ է արգելված: Բայց պարզ է, որ վաղվա ընտրություններին տենդագին պատրաստվող կուսակցությունները ձեռքները ծալած չեն նստելու, այսօր էլ են աշխատելու եւ թաքնված քարոզչությունը շարունակվելու է: Բայց եթե ընտրություններին անմիջականորեն մասնակցող անձինք լարված են ու սպասումի մեջ, հասարակությունն էլ, կարծում եմ, անտարբեր չէ: Ի վերջո բուկլետների բաշխմամբ, բակային հանդիպումների եւ հանրահավաքների տարափը, հեռուստատեսությամբ եւ թերթերի ակտիվ քարոզչությունը վարակեցին մեր հասարակությանը եւ հաջողվեց փոքր ինչ փոխել ավագանու ընտրությունների նկատմամբ ավանդական վերաբերմունքը: Մարդիկ հասկացան, որ այս ընտրությունն էլ պակաս կարեւոր չէ, քան Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի ընտրությունները»:

«Ժողովուրդ»-ը գրում է. - «Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից հետո Անդրանիկ Միրզոյանի պաշտոնաթողությունը իրավապահ համակարգի հերթական բարձրաստիճան պաշտոնյայի անսպասելի ազատումն է, որի մասին նրանք մինչեւ վերջին վայրկյանը տեղյակ չէին: Իհարկե, որեւէ մեկը չի մտածում, որ Ներսիկ Նազարյանը կամ Անդրանիկ Միրզոյանը անբասիր էին եւ նրանց երկարամյա գործունեության ընթացքում չկային առնվազն մի քանի կասկածահարույց դրվագներ, որոնց համար նրանց արժեր ազատել զբաղեցրած պաշտոններից: Ներսիկ Նազարյանի եւ նրա` բիզնեսի հետ սերտաճության մասին արդեն շատ է խոսվել: Իսկ ահա Անդրանիկ Միրզոյանի դեպքում առկա է նաեւ շատ լուրջ քաղաքական գործոն` Մարտի 1-ի գործոնը: Եվ Միրզոյանի անակնկալ պաշտոնանկությունից ծայր առած խոսակցությունների մեջ, բնականաբար, այդ թեման չի կարող շրջանցվել: Սակայն թե որն է ՀՔԾ-ի ղեկավար պաշտոնանկության իրական պատճառը, դժվար թե հայտնի դառնա հանրային լայն շրջանակներին եւ հենց դա է ամենամտահոգիչն ու անընդունելին այս իշխանությունների գործելաոճում: Եթե վերը նշված պաշտոնյաները իսկապես թերացել են իրենց պաշտոնական գործառույթների իրականացման մեջ, ուրեմն հասարակությունը իրավունք ունի տեղեկացված լինելու այդ մասին»:

«Ժամանակ»-ի հետ զրույցում Ֆրանսիայի ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը նշել է, որ Հայաստանում քաղաքական եւ տնտեսական մենաշնորհի իրական մեղավորը օլիգարխներն են, սակայն կարծիք է հայտնել, որ տարբեր ժամանակներում նրանք Հայաստանում եղել են թե իշխանության, թե ընդդիմության կազմում: « Ցավն այն է Հայաստանում, որ ոչ միայն ամեն ինչ չի արվել նման վիճակ չունենալու համար, այլ նաեւ մնացած բոլոր ուժերն իրենց մեջ ունեն օլիգարխներ: Ես չգիտեմ հիմա կոնկրետ «Բարգավաճ Հայաստանը» համարվո՞ւմ է ընդդիմադիր, թե ոչ, բայց ինչպես կարող են պայքարել քաղաքական կամ տնտեսական մենաշնորհի դեմ, երբ իրենց առաջնորդն օլիգարխ է: Նրանք միայն վերջերս են կոալիցիայից դուրս եկել, բայց մինչ այդ իրենք էին իշխանության մասը կազմում։ Անշուշտ, անհերքելի է, որ օլիգարխներն այսօր ամենաշատը հենց իշխող կուսակցության մասն են կազմում, բայց մյուս կուսակցություններում էլ կան: Լավ, եթե վերցնենք մյուս ուժերը՝ Հայ ազգային կոնգրեսը, Դաշնակցությունը, կամ ասենք «Ժառանգությունը», այստեղ էլ կան չէ՞ օլիգարխներ»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG