Մատչելիության հղումներ

Նաիրիի ոստիկանապետի հարազատները չեն հավատում ինքնասպանության վարկածին


Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի ընտանիքի անդամները, հարազատները համոզված են, որ նա չէր կարող ինքնասպան լինել: Նրանք պնդում են, որ գնդապետ Կորյուն Հարությունյանին սպանել են:

Հարությունյանի քրոջ որդին` Արման Եղիազարյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնելով, ընգծեց, որ փոխանցում է մահացած գնդապետի ընտանիքի անդամների, հարազատների կարծիքը: Կորյուն Հարությունյանի այրին` Գարուն Հարությունյանը չցանկացավ հարցազրույց տալ:

Հիշեցնենք` հինգշաբթի առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի մոտ գտնվող գերեզմանատանը հայտնաբերվել էր Ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գնդապետի դին գտնվում էր նրա ծնողների գերեզմանից ոչ հեռու` իր ծառայողական ավտոմեքենայում:

Գործի քննությունը վարող Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Դավիթ Վեքիլյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, թե քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

«Ինքը կամային բարձ հատկանիշներով օժտված մարդ էր, կայուն բնավորությամբ, երբեւիցե անհաշվենկատ, իրավիճակից դուրս եկող, բռնկվող որեւէ բան չէր անի: Եվ երբ ասեկոսեներ տարածվեցին, թե ինքը կարող է եւ ինքնասպանություն գործած լիներ, մենք բոլորս ապշեցինք, զարմացանք, որ կարել է մտածել այդ մասին: Ինքը այդպիսի վիճակում չէր, որ կարողանար իր վրա ձեռք բարձրացնել: Ինքը հաջողակ էր իր աշխատանքում, շատ լավ ընտանիք, երեխաներ ուներ: Ոստիկանությանը խորությամբ վստահելով` մենք կարծում ենք, որ այս գործը կբացահայտվի, եւ ճշմարտությունը ջրի երես դուրս կգա», - հույս հայտնեց ոստիկանապետի քրոջ որդին` պնդելով, որ Կորյուն Հարությունյանին սպանել են:

Արման Եղիազարյանը ընդգծեց, որ նախքան Հարությունյանի մահը հարազատները որեւէ խոսակցություն չեն լսել եւ որեւէ հիմքեր չունեն` ապացուցելու, որ ոստիկանապետին սպանել են. - «Այդպիսի հիմքեր չունենք, քանի որ ինքը լինելով արհեստավարժ ոստիկան` երբեւիցե որեւէ գաղտնիք [չէր բացահայտում]»:

Եղիազարյանը նաեւ ասաց` չգիտի արդյոք Հարությունյանը անձնական թշնամիներ ունե՞ր, թե՞` ոչ: Նա նաեւ պատմեց, թե որտեղ է եղել Հարությունյանը, նախքան նրա դին հաջորդ օրը կգտնեին իրավապահները:

«Չնայած տոն օրվան ինքը ինչպես եւ միշտ գնացել էի գործի: Մայիսի 1-ի առավոտյան է գնացել գործի, մինչեւ 3:30 մնացել է այնտեղ, հետո դուրս է եկել, որպեսզի մասնակցի աներոջ ծննդյան տոնին, եւ 3:30-ից հետո հեռախոսազանգերին չի պատասխանել: Հետագայում էր հաջորդ օրը առավոտյան հայտնաբերեցին գերեզմանոցում` ծնողների գերեզմանների կողքին», - ասաց Եղիազարյանը:

Եղիազարյանն ասաց` քանի դեռ ոստիկանությունը նախաքննություն է կատարում, ընտանիքի անդամները չեն շտապի եզրակացություններ անել այն մասին, թե արդյոք ինքնասպանության հատկանիշներով գործ հարուցելով` ոստիկանությունը փորձում է կոծկել տեղի ունեցածը:

«Քանի որ ինքը մեզ ոստիկանությունը որպես մաքրագույն կառույց էր ներկայացնում, մենք ի հիշատակ իրեն եւ նաեւ հավատալով, որ ոստիկանությունը արդարացի է քննում, կսպասենք: Երեւի քրեական գործն են պարզապես ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցել, բայց ես խիստ կասկածում եմ, որ որեւէ մեկը կարողանար նման մարդուն ստիպել ինքնասպան լինել», - ասաց Նաիրիի ոստիկանապետի քրոջ որդին:
XS
SM
MD
LG