Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում


ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան
ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) հերքում է իր հասցեին հնչող այն մեղադրանքները, թե ընտրակաշառք է բաժանում` միաժամանակ մեղադրանքներ ներկայացնելով իրեն քննադատող «Ժառանգության»-ը:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հակադարձեց «Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով ասել էր, թե «ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ամբողջ Երեւանով սկսել են ընտրակաշառք բաժանել»:

«Ես ուզում հարցնել «Բարեւ, Երեւան» դաշինքին. ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական կուսակցության անդամներով լցվում: Եթե որեւէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում են իրեն բանավեճի հրապարակավ, այսինքն` ոչ թե բանավեճի, այլ փաստեր դիտարկելու: Կվերցնենք այդ փաստերը, անուն առ անուն կնստենք լրատվամիջոցների եւ հանրության ցանկացած այլ շահագրգիռ ներկայացուցիչների հետ եւ կփորձենք պատասխանել այդ հարցին», - ասաց ԲՀԿ խոսնակը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ուրիխանյանը «Ժառանգություն» կուսակցությունից որոշակի պարզաբանումներ պահանջեց ինչպես ընտրական հանձնաժողովների տեղերի, այնպես էլ ոչ իշխանական ուժերի հետ չհամագործակցելու վերաբերյալ:

«Նախ եւ առաջ թող «Ժառանգություն»-ը թող բացատրի, թե ինչու չի համագործակցում մյուս ընդդիմադիր եւ այլընտրանքային ոչ իշխանական ուժերի հետ ընտրությունների որակի պահպանման առումով, եւ ինչու են իրենց հատկացված մասնաբաժիններով հանձնաժողովներում հայտնվում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ», - ասաց Ուրիխանյանը:

«Ժառանգություն»-ը մրցակցի մեղադրանքները համարում է զրպարտություն: «Բարեւ, Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Ուրիխանյանը նման հայտարարություն է անում` ի պատասխան ընտրակաշառք բաժանելու մասին «Ժառանգության» հնչեցրած մտահոգությունների:

«Իրեն թվացել է, որ ցանկանում է հակադարձի, ինչ-որ բան էլ ինքը ասի, բայց ամեն դեպքում դա հերյուրանք է: Ավելի լավ է թող ասի, թե ինչի համար են կաշառք բաժանում, ինչու են մարդկանց դրանով խաբում, փոխարենը ասում են, «Ժառանգություն»-ը հանձնաժողովի տեղերը տվել է Հանրապետականին», - ասաց Սանասարյանը:

Սանասարյանն անդրադարձավ նաեւ ոչ իշխանական ուժերի համագործակցությանը: «Ժառանգության» ներկայացուցիչն ասաց, որ իրենք քվեարկության օրը համագործակցելու են ոչ իշխանական ուժերի հետ, իսկ ԲՀԿ-ի հետ կհամագործակցեն, եթե այն հստակեցնի իր կարգավիճակը:

«Իրենց մասին դեռեւս միայն Լեւոն Տեր-Պետրոսյանն է ասել, որ ընդդիմադիր են, նման ցանկություն կա նաեւ Վարդան Օսկանյանի մոտ: Թող իրենք հստակեցնեն, իմանանք` ում հետ ենք մենք համագործակցում», - շեշտեց «Բարեւ, Երեւան»-ի խոսնակը:

Իշխող ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ն, որը 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրաժարվեց իշխանական կոալիցիա մտնել եւ իրեն այլընտրանք հռչակեց, այսօր ընդդիմություն դառնալու շուրջ քննարկումներ ծավալում է, փոխանցում է ԲՀԿ խոսնակը` այլ մանրամասներ չբացահայտելով:

Ուրիխանյանը հայտարարեց, որ նախկին կոալիցիոն գործընկերոջ հետ որեւէ մակարդակում չեն համագործակցի՝ լինի Երեւանու ավագանու կազմում, կամ էլ ընդհանրապես: Փաստորեն, ԲՀԿ-ն այսպես արձագանքեց օրեր առաջ Հայ հեղափոխական դաշնակցության` Երեւանի ավագանու ընտրացուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի հայտարարությանը: Ռուստամյանը ասել էր, թե ոչ իշխանական ուժերը պետք է հայտարարեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո ավագանու կազմում իշխանության հետ կոալիցիա չկազմելու մասին:

«Որեւէ շրջանակում քաղաքական մեծամասնության հետ որեւէ ոլորտում համատեղ կառավարման մեջ մենք չենք մտնելու, եթե չի փոխվում Հայաստանում կյանքի որակը, ընդ որում` շատ կտրուկ: Եթե Հայաստանը կայծակնային արագությամբ հանկարծ վաղը կամ վաղ չէ մյուս օրը կդառնա զարգացած երկիր, եթե աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները կգերազանցեն եվրոպական աշխատավարձերին, թոշակների եւ նպաստներին, այդ ժամանակ հարցը կքննարկվի: Այսինքն, այո, բացառվում է», - ասաց Ուրիխանյանը:

Հայտնի գործարար Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությունը ոչ իշխանական ուժերի միջեւ համագործակցության հարցը կքննարկի Երեւանի ավագանու ընտրություններից հետո:
XS
SM
MD
LG