Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ն ահազանգում է ընտրակաշառքի համատարած բաժանման մասին


«Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը
«Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը
«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացմամբ` ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ամբողջ Երեւանով սկսել են ընտրակաշառք բաժանել:

«Բնականաբար, մեր ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը շատ լավ խոչընդոտում եւ հետեւում են ընդդիմության ներկայացուցիչների գործունեությունը, բայց որ ամբողջ Երեւանով սկսել են ընտրակաշառք բաժանել, իրենք դրա մասին տեղյակ չեն», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Մարտիրոսյանը:

«Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանը փոքր-ինչ մանրամասնեց. - «Երեկ ահազանգ եղավ, որ կոնկրետ Աջափնյակում 10 հազար դրամ անձին տրամադրվել է Հանրապետական կուսակցության կողմից, եւ այսօր նույնքան եւ ավելի սպասվում է «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից: Ընտրակաշառքի խոստումները հատկապես այդ երկու ուժերի կողմից են»:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց նաեւ, թե ընտրակաշառքին ու վարչական ռեսուրսի օգտագործմանը զուգահեռ քարոզարշավի ընթացքում իշխանությունները, Հանրապետականի ներկայացուցիչները խոչընդոտներ են հարուցել «Բարեւ, Երեւան» դաշինքի համար. - «Երբ ընդդիմությունն է խաղաղ որեւէ գործողություն անում, ոստիկանությունը անպայման պետք է խոչընդոտի, ուժ կիրառի: Բայց եթե Հանրապետականի ներկայացուցիչներն են ինչ ասես անում, ոստիկանությունը, բնականաբար, խելոք պետք է իրեն պահի: Մեր ներկայացուցիչներն անձամբ էին լսել, թե ինչպես ոստիկաններից մեկը Քանաքեռ-Զեյթունում, երբ փորձել է բարձրանալ եւ շենքից խանգարող երիտասարդներին միջամտել, Հանրապետականի ներկայացուցիչն ասել է` պետք չի, երբ կասեմ, այն ժամանակ կգնաս: Եվ ոստիկանը շատ խելոք այդ հրամանը կատարել է: Այսինքն` այն, ինչ տեսնում ենք, մեկ անգամ եւս ապացուցում է, որ ազատ, արդար ընտրությունները դեռեւս երազանք են մնում»:

Այդուհանդերձ «Ժառանգության» ներկայացուցիչները համոզմունք հայտնեցին, որ «Բարեւ, Երեւան» դաշինքը հաղթանակ կտանի մայիսի 5-ին կայանալիք մայրաքաղաքային ընտրություններում:

«Իմ ակնկալիքն է, որ «Բարեւ, Երեւան» դաշինքը մեր քաղաքացիների մի փոքր ակտիվ մասնակցության դեպքում միայնակ մեծամասնություն կվերցնի: Հակառակ պարագայում, ես կարծում եմ, առաջինը կլինի քաղաքական ուժերից», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը:
XS
SM
MD
LG